ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ ՅՈՒԵՆՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ապրիլի 4-ին ՅՈՒԵՆՍԿՕ-ի գործադիր խորհրդի լիագումար նիստում հանդես է եկել ելույթով։
Դեսպանն անդրադարձել է այս օրերին Ադրբեջանի սադրիչ գործողություններին, որոնք խախտում են Արցախի հայության կենսական իրավունքները, այդ թվում՝ կրթության իրավունքը։
Տեր-Ստեփանյանը շեշտել է, որ մի քանի շաբաթ շարունակ խափանված պահելով Լեռնային Ղարաբաղը մատակարարող գազատարի աշխատանքը՝ ձմեռային ցուրտ եղանակային պայմաններում Արցախի խաղաղ բնակչությունը մատնվել էր իրական հումանիտար աղետի։
Դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը մտահոգություն է հայտնել մարտի 24-ին եւ 25-ին ադրբեջանական զինուժի՝ հայկական քաղաքացիական ենթակառուցվածքները ռմբակոծելու եւ Լեռնային Ղարաբաղի Փարուխ գյուղ ներթափանցելու դեպքերի առնչությամբ՝ միջազգային հանրությանը կոչ անելով միջոցներ ձեռնարկելու Հարավային Կովկասում իրավիճակի վատթարացումը կանխելու համար։
Դեսպանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող բռնության եւ ահաբեկման քաղաքականության հիմնական նպատակն էթնիկ զտումների իրականացումն է, որն ուղեկցվում է հայկական մշակութային արժեքների նկատմամբ ավերածությունների եւ վանդալիզմի գործողությունների իրականացմամբ եւ հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու փորձերով։
Քրիստիան Տեր-Ստեփանյանը նշել է, որ ավելի քան մեկ տարի Ադրբեջանը արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության իրականացումը Լեռնային Ղարաբաղում՝ տեղում ականատես լինելու հայկական մշակութային ժառանգության դեմ իրականացված ավերածություններին եւ վանդալիզմի այլ գործողություններին։
Դեսպանը վերահաստատել է ստեղծված իրավիճակում արագ գործելու անհրաժեշտությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին հորդորելով շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ փորձագիտական անկախ առաքելություն ուղարկելու ուղղությամբ։