Պաշտոնական երկօրյա այցով՝ ապրիլի 5-6-ը, Հայաստանում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ նրանք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացել են 20-րդ դարի Եղեռնի մասին հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին:
Այնուհետեւ Պապուաշվիլին հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Սիմոնյանը հանդիպմանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմամբ: Նա նշել է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը Հարավային Կովկասում անվտանգությունն ապահովող կարեւոր գործոն է: