Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում համատեղ հանդիպում է անցկացնելու երկօրյա այցով Բելգիա մեկնած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ակնկալում է Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ համաձայնեցնել խաղաղության բանակցությունների մեկնարկին առնչվող հարցերը:
ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, խոսելով Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին, հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածաշրջանային իրավիճակի կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունների ձեռքբերմամբ:
Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում Կոպիրկինն ընդգծել է, որ Ռուսաստանը չի թաքցնում իր դիրքորոշումը:
«Մենք շահագրգռված ենք պայմանավորվածությունների ձեռքբերմամբ, որպեսզի իրավիճակը կարգավորվի: Ռուսաստանի Դաշնությունը դրանում շարունակական ու ոչ քիչ ներդրում ունի, մենք համառորեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի վաղը»,- նշել է ՌԴ դեսպանը: