ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել է ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ կայանալիք ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի միջեւ բանակցությունները:
Ըստ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչության հայտարարության՝ ԱՄՆ պետքարտուղարությունը կողմերին կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին եւ վերահաստատել աջակցությունը բոլոր առկա խնդիրների դիվանագիտական կարգավորմանը։ Բացի դրանից՝ հանդիպման նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որոնց ընթացքում քննարկվել են գալիք բրյուսելյան հանդիպմանն առնչվող հարցեր:
Պետքարտուղարը խրախուսանքի խոսք է հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետագա խաղաղ բանակցությունների կապակցությամբ, այդ թվում՝ Փաշինյանի եւ Ալիեւի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի հետ ապրիլի 6-ին նախատեսված հանդիպման։ Նա վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել երկրներին երկարաժամկետ համապարփակ խաղաղություն գտնելու հարցում՝ ներգրավվելով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր դերակատարության միջոցով:
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը դժվարացել է որեւէ գնահատական տալ բրյուսելյան հանդիպմանը: Նախկին դիվանագետի կարծիքով՝ Մոսկվան շարունակում է թելադրել այս գործընթացում, եւ շատ բան կախված է՝ ինչպիսի դիրքորոշում է հայտնել Պուտինն իր դաշնակիցներ Փաշինյանին ու Ալիեւին։ Ըստ Կազլյարիչի՝ նրանք չեն գնա ավելի հեռու, քան թույլ կտա Պուտինը։
Սակայն ամեն դեպքում Կազլյարիչը դրական է որակել այն փաստը, որ կողմերը բանակցում են, եւ հանդիպումն անցկացվելու է Բրյուսելում: Ըստ նրա՝ ցանկալի է, որ Ալիեւն ու Փաշինյանը, արտաքին ուժերին դիմելու փոխարեն, լինի Բրյուսելը, թե Մոսկվան, ուղիներ փնտրեն ընդլայնելու ուղիղ երկկողմ երկխոսությունը եւ հարցերի շրջանակը, որոնք պետք է քննարկվեն համապարփակ խաղաղ գործընթացում։