Ըստ Գրոմադսկի ռադիոյի՝ Ուկրաինայի Բուչայի շրջանի Գոստոմել քաղաքատիպ ավանի ռազմական վարչության ղեկավար Տարաս Դումենկոն հայտնել է, որ պատերազմի սկզբից ի վեր Գոստոմելում անհայտ կորած է համարվում ավելի քան 400 քաղաքացի: Ականատեսների վկայությամբ՝ նրանց մի մասը զոհվել է, մնացածի ճակատագիրն անհայտ է: Ըստ Դումենկոյի՝ հայտնի չէ անգամ ստույգ զոհվածների գտնվելու վայրը:
Ըստ ուկրաինական աղբյուրի՝ Գոստոմելում ոմն բժշկի ամուսնուն եւ որդուն ռուս զինվորականներն առեւանգել են, եւ նրանց մինչեւ օրս չեն կարողանում գտնել: Փնտրվում է նաեւ Գոստոմելի օդանավակայանի հրշեջ ծառայության պետի մարմինը:
Գոստոմելում, Դումենկոյի տվյալներով, ռուսները սպանել են ավանի վարչական ղեկավար Յուրի Պրիլիպկոյին: Նրա մարմինը հայտնաբերել են զոհված կամավորականներ Ռուսլան Կարպենկոյի եւ Իվան Զարյայի մարմինների կողքին:
Դումենկոյի կարծիքով՝ ռուսները ամենայն մարնակրկիտությամբ «մաքրում են» իրենց գազանությունների հետքերը: Նա պատմել է, որ Գոստոմելում ռուսները հնարավորինս արագ հավաքել են սպանվածների, նրանց թվում՝ երեխաների մարմինները, ինչպես նաեւ այրված մեքենաները:
«Իմ հիպոթեզն այն է, որ որքան հանգիստ են զգում իրենց զավթիչները ուկրաինական տարածքում, որքան հեռու են նրանք ճակատային գծից, այնքան հանգամանորեն են մաքրում իրենց հետքերը»,- ասում է Տարաս Դումենկոն: