ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 8-ին Մոսկվայում կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որն աշխատանքային այցով լինելու է ՌԴ-ում:
Զախարովան նշել է, որ արտգործնախարարները ծրագրում են մանրամասնորեն քննարկել բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության ամրապնդման, ինչպես նաեւ ընդհանուր ինտեգրացիոն միություններում՝ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում, փոխգործակցության խորացմանն ուղղված հետագա քայլերը:
Նաեւ մտքեր կփոխանակվեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի համաձայնությունները կյանքի կոչելու ընթացքի վերաբերյալ:
«Ակնկալում ենք, որ Մոսկվայում առաջիկա բանակցությունները կնպաստեն Երեւանի հետ դաշնակցային փոխգործակցության խորացմանը, Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության առաջխաղացմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: