Արցախից հետաքրքիր ուղերձներ են հասնում Հայաստան։ 2020-ի նոյեմբերից հետո ռուս խաղաղապահների «տնօրինմանը» հանձնված Լեռնային Ղարաբաղն առանձնապես ոգեւորությամբ չէր խոսում այն մասին, թե Հայաստանը պետք է լինի Ղարաբաղի անվտանգության թիվ մեկ երաշխավորը։
Պատճառը պարզ էր՝ Հայաստանը դրա հնարավորությունն այլեւս չունի երկու պատճառով. նախ՝ անվտանգության երաշխավորը փոխվել է նոյեմբերի 9-ի համաձայնագրով, երկրորդ՝ Հայաստանն անգամ իր անվտանգության երաշխավորը չէ։
Հիմա արդեն Արցախի ԱԺ նախագահն է ասում՝ ՀՀ-ն եղել է, կա եւ պիտի լինի մեր ժողովրդի անվտանգության թիվ մեկ երաշխավորը։ Այս մասին երեկվա հանրահավաքում խոսել է նաեւ ընդդիմությունը, որի ընդունած հայտարարության առաջին պահանջը սահմանում է՝ հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման երաշխավորն է բոլոր բաղադրիչներով։
Ի՞նչ է կատարվում, ի՞նչ է տեղի ունեցել, որ Ղարաբաղի համար Հայաստանը «վերականգնել» է անվտանգության երաշխավորի կարգավիճակը։
Առաջին հայացքից Հայաստանը երբեք էլ չի հրաժարվել այդ երաշխավորի դերից։ Բայց ընդամենը վերջերս խորհրդարանի ՔՊ-ական պատգամավորները, նաեւ Նիկոլ Փաշինյանն անձամբ Փառուխի իրադարձությունների առիթով ասում էին, որ Արցախում ադրբեջանցիների ոտնձգությունները կանխելու պատասխանատուն ռուսներն են։ Դրանից բացի՝ ՔՊ-ն այսօր չի էլ թաքցնում, որ Արցախի մասին ցանկացած տիպի հայտարարություն անելն իրենց պլանների մեջ չի մտնում. դրանով կվնասեն հայ-ադրբեջանական երկխոսությանը։
Ուրեմն՝ ինչո՞ւ է Հայաստանը կրկին դառնում Արցախի անվտանգության երաշխավորը։ Պատճառը հավանաբար այն է, որ Ղարաբաղում էլ են հասկացել, որ Ռուսաստանն անվտանգության երաշխավոր չէ, նա շահեր ունի Ղարաբաղում, որոնք այսօր կան, վաղը կարող են չլինել։
Այս տարվա մարտի 25-ին Արցախի ԱԽ-ն դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով «ավելացնել ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկա թվաքանակն ու սպասարկող միջոցների քանակը եւ համապատասխանաբար ավելացնել ինչպես զինծառայողների, այնպես էլ զինտեխնիկայի միջոցները»։
Այս տողերը պետք է կարդալ հակառակ տրամաբանությամբ։ Ղարաբաղցիները ռուսներին հասկացնում են, որ ձեր խաղաղապահությունը բանի պետք չէ՝ կա՛մ զբաղվեք ձեր գործով, կա՛մ մեր գոյության պաշտպանության համար նոր աղբյուրներ կգտնենք։ Իսկ այդ աղբյուրները գտնելու համար չափազանց կարեւոր է Հայաստանի դերը։
Ինքն իրենով Ղարաբաղը սեփական անվտանգության աղբյուրներ փնտրելու ու գտնելու որեւէ կարգավիճակ չունի։ Ղարաբաղը փաստում է, որ եթե նույնիսկ իր անվտանգության համար կարեւոր է, հրատապ է, անհետաձգելի է Ռուսաստանի դերը, միեւնույնն է, առանց Հայաստանի ինքը չի կարող ապավինել որեւէ երկրի խաղաղապահական առաքելությանը։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: