ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին:
Պապիկյանը ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում եւ Արցախում։ Նշելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունը եւ անվտանգությունը, Սուրեն Պապիկյանը շեշտադրել է իրավիճակի սրումը կանխելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
«Դեսպան Գալագերը հաստատել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է առկա լարվածության թուլացման եւ խաղաղ ճանապարհով խնդիրների կարգավորման ջանքերին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցները քննարկել են նաեւ պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարեւորել փոխգործակցությունը ռազմակրթական, ուսումնավարժական եւ խաղաղապահ կարողությունների զարգացմանը նպաստող ոլորտներում: