Ապրիլի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության է դրվելու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանին վտարելու՝ Միացյալ Նահանգների ներկայացրած առաջարկը: Ռուսաստանը խորհրդից կվտարվի, եթե առաջարկի օգտին քվեարկի Գլխավոր ասամբլեայի 193 պետությունների առնվազն երկու երրորդը:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում 47 անդամ-երկիր կա: Ռուսաստանը երկրորդ տարին է հանդիսանում խորհրդի անդամ: Խորհրդում անդամության ժամկետը 3 տարի է:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան հայտարարել են, որ Ուկրաինայում բիրտ պատերազմ վարող եւ պատերազմի հանցագործություններ կատարող Ռուսաստանը չունի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ լինելու իրավունք:
Ավելի վաղ արձագանքելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Անվտանգության խորհրդի կազմից Ռուսաստանին հեռացնելու հորդորին ՝ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է, որ Ռուսաստանի ներկայությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կարելի է անհարմար դարձնել, մեկուսացնել նրան, սակայն ՌԴ-ին ՄԱԿ-ից վտարելն եւ անդամակցությունից զրկելը բացառվում է։