Եվրախորհրդարանի պատգամավորներ Լուկաս Ֆուրլասի եւ Ֆրանսուա-Քսավյե Բելամիի նախաձեռնությամբ 43 եվրապատգամավորներ բոլոր գլխավոր քաղաքական խմբակցություններից Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ նամակ են հղել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելին եւ ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին։
Եվրապատգամավորները ահազանգել են Արցախում Ադրբեջանի կողմից բնիկ հայ բնակչության նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության մասին։ Նրանք ԵՄ գործադիր ղեկավարներին կոչ են արել օգտագործելու Եվրամիության տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար:
Ըստ եվրապատգամավորների՝ այդ երկիրը պետք է վերջ տա Արցախում իր ագրեսիվ քաղաքականությանը, անհապաղ հետ քաշի իր զինված ուժերը ելման դիրքեր եւ դադարեցնի ցանկացած գործողություն, որը կարող է վտանգել Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը։