Մի ուրվական է պտտվում Հայաստանում, Միութենական պետության ուրվականը։ Այդ ուրվականը հատկապես միս ու արյուն է ստացել 44-օրյա պատերազմում Հայաստանի՝ անխուսափելի թվացող պարտության, պաշտպանական «հիբրիդային» համակարգի փլուզման եւ ադրբեջանական ներխուժման ֆոնին։
Երբ երկրի ԱԽ (Անվտանգության խորհրդի) քարտուղարը սահմանների պաշտպանունակության քաղաքականության բացակայությունը բացատրում է եղանակային պայմաններով, պաշտպանության նախարարը զբաղված է կուսակցաշինությամբ եւ Վեդու ՏԻՄ «ճակատամարտում» հաղթանակով, վարչապետը՝ «Սյունիքի միջանցքի» հետաձգմամբ, իսկ խորհրդարանը՝ հին հայկական մարզաձեւի՝ «նախկինների որսով», Հայաստանում կրկին ու կրկին անթաքույց եւ հատուկ առոգանությամբ խոսում են Միութենական պետությանը միանալու Հայաստանի՝ «միակ փրկության ելքի» մասին։
Մինչ Հայաստանում պարտված պատերազմի՝ այդպես էլ չսկսված ճակատամարտի հերոսներին ծանոթացնում են դատական գործի մանրամասներին, իսկ խորհրդարանական ընդդիմությունն աղմկում է նախորդ պատերազմին պատրաստվելու եւ Արցախի աղոտ սուբյեկտայնության պաշտպանության մասին, Միութենական պետությունը տարասեռ ու տարատեր ուժերի կողմից ներկայացվում է որպես դրախտի ճանապարհ։
Դրախտ, որտեղ քաղաքական ուժերը վերջապես կազատվեն սեփական որոշումներն ընդունելու ու դրանց տեր կանգնելու այնքան տհաճ ու անտանելի գործից եւ կլծվեն գաղութային ադմինիստրացիային հարիր թղթաբանության գործերով։ Թղթաբանություն, որը միշտ տեղ կունենա առօրյա գարաժաշինության ու այգիների մաքրության մանր, բայց ազգապահպան հարցերում։ Քաղաքական օնանիզմ՝ մի երազանք, որի մասին գեղամյանների ու բաբուխանյանների սերունդներն են տենչացել, քաղաքական անպատասխանատվության իսկական շքերթ։
Սեփական պետության ու անկախության դեմ խոսելու ավելի իդեալական ու նպաստավոր միջավայր նույնիսկ հնարավոր էլ չէ պատկերացնել։ Վախից կապտած բնակչություն, թանկով վաճառվելու հույսով վառվռուն աչուկներով կուսակցություններ ու անհատներ, որոնք միշտ էլ երազել են ապրել մեկի հարեմում կամ գրպանում՝ իրենց վրայից գցելով անկախության ու ազատության պատասխանատվության անտանելի բեռը։
Իսկ այնքան «բերկրալից» Միութենականի հիմնական առանցքը կարող է դառնալ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը։ Դրանից հետո ընդդիմությունը անհրաժեշտ լեգիտիմություն ձեռք կբերի իշխանություններին «ազգային երազանքների դավաճանության» համար մեղադրելու եւ «Հայրենիքի փրկության շարժում 2.0» նախաձեռնելու համար։
Այս անգամ, իհարկե, ասպարեզ չեն բերվի բազմակի օգտագործման քաղաքական դիակները, այլ սպիտակ ձիու, այն է՝ «Հայաստան 2040» ապագա կարգախոսով եւ ներդրումներով ի հայտ կգան մերօրյա մյասնիկյանները։ Մյասնիկյաններ միշտ էլ կգան, կայսրության տրամաբանությունը պահանջում է, որ կեղտոտ գործ անող նուրիջանյանները մաքրվեն դաշտից, մաքրվեն նաեւ լուկաշինները եւ այլ հեղափոխականները։
Նոր դարաշրջանները նոր դեմքեր են պահանջում։ Արդի բառապաշարով՝ պրոֆեսիոնալ տեխնոկրատներ, այն է՝ անդեմ կատարածուներ, որոնք Հայաստանն ու հայությանը դիտարկում են որպես մեծ փողերի ու մանրակրկիտ շահերի իդեալական լվացքատուն, թե կուզեք՝ պոլիգոն։ Իսկ նրանք արդեն պատրաստ են, խոսում են հայ-թուրքական մերձեցման անհնարինության, գոյաբանական մակարդակի թշնամության, Հայաստանը պաշարված ամրոցով դրոնային Սինգապուր ու Հարավային Կորեա սարքելու մասին։ Սակայն չեն հիշում, որ մի սինգապուրյան Լի Կուան Յուին հարյուրավոր չստացված դիկտատորներ ու գաղութային վարչարարներ են հասնում, չեն նշում, թե որ տերության գաղութները որ սառը պատերազմների ժամանակ են շահել առաջին աշխարհի պետություն դառնալու իրենց շանսը։
Դե նրբերանգները հետաքրքիր չեն, աշխատանք, գիտելիք, ջանք ու ազնվություն են պահանջում։ Իսկ տեխնոկրատ պրոֆեսիոնալները այդպիսի մանր հարցերի ու կոնտեքստի ժամանակ չունեն։ Իրենք սպասում են ու երազում, սպասում են հարմար պահի ու հարմար աղետի՝ նոր ժամանակների նոր մյասնիկյաններ դառնալու համար։
Մանավանդ որ կայսրությունում, մեղմ ասած, այնքան էլ հարթ չեն ընթանում գործերը, ավելին՝ կայսրության կրտսեր տիրակալները՝ ի դեմս Լուկաշենկոյի, բացահայտ էլ հայտարարում են, թե Հայաստանը փախչելու տեղ չունի, ոչ մի ճար էլ չունի, ինչ էլ դնեն դիմացը, կստորագրի։
Այստեղ իհարկե դիմադրության ռեսուրսը կրկին կընկնի քաղաքացիների ու անհատների ուսերին, որոնց համար կյանքը՝ որպես քաղաքացի, ու կյանքը՝ որպես անհատ, միայն ազատ կյանքն է ազատ ու անկախ երկրում՝ անկախ սեփական զավակների գաղութային տենչանքներից, որոնք երկիրը դիտարկում են որպես թերզարգացած մի ռախիտ, իսկ հողը՝ որպես անպատասխանատվության ու ստորակայության հովիտ։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։