Հայաստանում մեծ ոգեւորությամբ ազդարարվում է էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը։ Տվյալ դեպքում նշվում է, որ ցանկացած սպառող, լինի ընտանիք կամ ընկերություն, կարող է ինքն ընտրել, թե այսուհետ ով է իրեն էլեկտրաէներգիա մատակարարելու։ Եվ եթե մինչ այժմ այդ բոլոր խմբերին միայն ՀԷՑ-ն էր հոսանք տալիս, հիմա արդեն կան արտոնագրված 6 ընկերություններ ու 3 թրեյդերներ։
Թրեյդերները էլեկտրաէներգիայի մեծածախ առեւտրով զբաղվողներն են, որոնք գործ են ունենալու միայն խոշոր սպառողների հետ։ Ինչպես նաեւ ունեն էլեկտրաէներգիայի միջպետական առեւտուր անելու՝ արտահանելու եւ ներմուծելու արտոնագիր: Հայտարարվեց, որ արդեն երկու ընկերություն հրաժարվել է ՀԷՑ-ից եւ էլեկտրաէներգիա ստանալու համար պայմանագիր է կնքել նոր ընկերություններից մեկի հետ։
Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը նաեւ պետական որոշակի պարտադրանք է պարունակում այն իմաստով, որ խոշոր սպառողները՝ տարեկան 1 մլն կՎտ եւ ավելի հոսանք օգտագործող ընկերությունները, 2023 թվականի փետրվարից պետք է հրաժարվեն ՀԷՑ-ից ու պայմանագիր կնքեն դաշտում գործող որեւէ նոր ընկերության հետ։ Հակառակ պարագայում նրանց փոխարեն այդ ընտրությունը կկատարի կարգավորող մարմինը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)։
Այս պայմանն առայժմ բնակիչ-բաժանորդներին չի վերաբերում, մենք կարող ենք շարունակել օգտվել ՀԷՑ-ի ծառայությունից, կարող ենք նաեւ հրաժարվել ՀԷՑ-ից, ընտրել այլ մատակարարի։ Բայց դա չի նշանակում, որ բոլոր այդ ընկերությունները ամբողջ հանրապետությունով մեկ իրենց հենասյուները կկանգնեցնեն եւ էլեկտրահաղորդակցման գծեր կանցկացնեն։ Նրանք իրենց գնած կամ վաճառած հոսանքը փոխադրելու են ՀԷՑ-ի գծերով եւ դրա համար վճարելու են այդ ընկերությանը։ ՀԷՑ-ն էլ պարտավոր է իր ենթակառուցվածքներով փոխադրել բոլորի հոսանքը։
Իշխանություններն ու տարբեր շահագրգիռ կողմերն ասում են, թե էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը մատակարարման դաշտում կստեղծի մրցակցություն, ինչի շնորհիվ էլ կբարձրանա ծառայության որակն, կնվազի սակագինը։ Այդ ընկերությունները պետք է ավելի որակյալ եւ էժան ծառայություն խոստանան, որ բաժանորդները հրաժարվեն ՀԷՑ-ից։ Իսկ էլեկտրաէներգիայի սակագինը կորոշվի բորսայում, իսկ ՀԷՑ-ը կսահմանի նվազագույն կամ առավելագույն շեմերը։
Բայց արդյո՞ք այն, ինչ արվել է Հայաստանում, ազատականացում է ենթադրում։
Միջազգային փորձը վկայում է, որ էլեկտրաէներգիայի շուկայում ազատականացումը նշանակում է ոչ միայն մատակարար տարբեր ընկերությունների առկայությունը, այլեւ էներգետիկ շուկայում տարբեր գործառույթների՝ արտադրության, բաշխման, փոխադրման տարանջատումը։ Նույն ընկերությունը կարող է այս գործառույթներից միայն մեկն իրականացնել եւ չի կարող երկուսը կամ երեքն իրականացնել։ Այդպես է ԵՄ երկրներում եւ Մեծ Բրիտանիայում, այդպես է ԱՄՆ-ում եւ անգամ որոշ ասիական երկրներում։ Այդ պայմանի ապահովումն է ոլորտի ազատականացման հենասյունը։
Մինչդեռ այս ազատականացում կոչված գործընթացի արդյունքում մեր երկրում ՀԷՑ-ը կատարելու է երկու կարեւոր գործառույթ՝ ոչ միայն տեղափոխելու է այլոց մատակարարած հոսանքը, այլ ինքն էլ շարունակելու է նրանց հետ զուգահեռ մատակարարել։ Սա արդեն ազատականացում չէ եւ չի կարող ապահովել ազատ մրցակցությունն ու դրանից բխող դրական ակնկալիքները։ Սա նշանակում է ունենալ գերիշխող հնարավորություններ եւ առավելություններ։
«Տվյալ պարագայում ՀԷՑ-ը հնարավորություն է ստանում շատ ավելի հարմար պայմաններով օգտվելու փոխադրման ենթակառուցվածքների ծառայություններից, որովհետեւ դրանք իրենն են։ Տվյալ գործառույթն իրականացնելու համար առաջնահերթությունը կտա իր կազմակերպությանը, եւ առողջ մրցակցության դաշտում խնդիրներ կառաջանան։ Էլ չեմ խոսում տարբեր ֆինանսական սխեմաների մասին, որոնք կարող են կուլուարային մակարդակով կյանքի կոչվել։ Գոյություն կունենա ստվերային կոլաբորացիա»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։
Իսկ ինչո՞ւ է կառավարությունը ՀԷՑ-ին նման հնարավորություն տվել եւ խեղել ազատականության նշանակությունը։ Հիշեցնենք, որ 2015 թվականից ՀԷՑ-ը պատկանում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին։ Վերջինս երբ գնեց այդ ընկերությունը, հայտարարեց, որ այն ունի հսկայական պարտքեր, միայն վարկային պարտավորությունները կազմում են 220 մլն դոլար։ Գնելուց հետո էլ հայտարարեց, որ արդիականացնելու է ցանցն ու դրա համար մինչեւ 900 մլն դոլարի ներդրում է անելու։ Իհարկե, գործարարն այդ գումարը Ռուսաստանից չի բերի կամ իր այլ եկամտաբեր բիզնեսից չի վերցնի։ Նա վարկ է վերցրել եւ դեռ կվերցնի։ Թե 2015-ից հետո հոսանքի մատակարարման որակը որքան է բարձրացել, այլ թեմա է։ Բայց հավանաբար ՀԷՑ-ին հին ու նոր վարկերը սպասարկելու հնարավորություն տալու համար էլ Կառավարությունը գնացել է ոլորտի կիսատ-պռատ ազատականացմանն ու այդ ընկերությանն արտոնյալ հնարավորություն տվել։
Իսկ թե որքան է արդարացված այս պատճառաբանությունը, դժվար է ասել, բայց կարելի է չկասկածել, որ ՀԷՑ-ն իր հնարավորությունը կօգտագործի մյուսների նկատմամբ առավելություն ունենալու եւ ավելի շատ եկամուտներ ստանալու համար։ Իհարկե, այստեղ իր կարգավորիչ, ՀԷՑ-ի ցանկությունները զսպող ուժը պետք է ունենա ՀԾԿՀ-ն, բայց մեր զրուցակիցն այնքան էլ մեծ կարծիք չունի այդ դերի մասին։ «Չեմ կարծում, որ ազատականացման քաղաքականությունը հանգեցնելու է լուրջ արդյունքների։ Օրինակ՝ բենզինի շուկայում կարծես թե անկախ ընկերություններ են, բայց տեսնում ենք, որ նրանք ինչ-որ իմաստով կարտելային համաձայնության սկզբունքով են գործում, համաձայնեցնում են գնային քաղաքականությունը։ 20 տարի է՝ այս սխեման գործում է, ու չի բացառվում, որ այստեղ էլ գործի»,- ասում է Վահե Դավթյանը։
Հավելենք նաեւ որ ի լրումն այս առավելությունների՝ էլեկտրաէներգիա արտադրող նոր ընկերություններից մեկի՝ «Արգեստ» ՓԲԸ-ի սեփականատերը Գոռ Բարոյանն է, որը «Ռիո մոլի» տնօրենն է։ Հայտնի է, որ այդ մոլը պատկանում է նույն Սամվել Կարապետյանին։ Այսինքն՝ չի բացառվում, որ «Արգեստ»-ն իրականում պատկանում է Սամվել Կարապետյանին։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։