Ամերիկյան Intel Corporation-ը, դատապարտելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը եւ խաղաղությունը վերականգնելու կոչ անելով, հայտարարել է Ռուսաստանի շուկայում գործունեությունն ամբողջությամբ դադարեցնելու մասին:
«Մենք սատարում ենք բոլոր նրանց, ովքեր տուժել են այս պատերազմից, նախեւառաջ Ուկրաինայի եւ հարեւան երկրների բնակիչներին, ինչպես նաեւ նրանց, ովքեր այդ շրջանում ունեն ընտանիքներ, բարեկամներ եւ մտերիմներ»,- ասված է ընկերության հայտարարությունում:
Համակարգչային տեխնիկայի եւ միկրոչիփերի արտադրության ասպարեզում աշխարհի առաջատար ընկերություններից մեկը՝ Intel-ը, հայտնել է, որ ամեն ինչ կանի աշխատակիցներին, այդ թվում ընկերության ռուսաստանյան մասնաճյուղի 1200 մասնագետներին աջակցելու համար:
Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ ՌԴ-ում գործունեությունը դադարեցրել կամ սառեցրել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հարյուրավոր ընկերություններ, դրանց թվում Apple-ը, IBM-ը, Dell Technologies-ը, Microsoft-ը, Hewlett Packard-ը եւ համակարգչային տեխնիկայի արտադրության այլ առաջատարներ, որոնք կարեւոր տեղ են գրավում նաեւ ռուսաստանյան շուկայում: