Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների պալատը, ընդունել է բանաձեւ, որով 1932-1933 թվականներին Ուկրաինայում զանգվածային սովամահությունը («հոլոդոմորը») անվանել է «ցեղասպանություն»:
Պատգամավորները դատապարտել են հոլոդոմորը որպես Ուկրաինայի ժողովրդի դեմ հանցագործություն, զանգվածային հալածանք եւ մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարում:
Ապագայում նման ողբերգությունները կանխելու համար չեխ օրենսդիրները պահանջել են հետաքննել այդ կազմակերպված սովամահության հանգամանքները եւ պարզել մեղավորների անունները:
Նպատակը բռնի կոլեկտիվացման դեմ պայքարում ուկրաինացի ժողովրդի կամքը կոտրելը եւ նրա ազգային ինքնությունը խարխլելն էր
«Այսօրվա բանաձեւը մեր պատմական պարտքն է, բանաձեւը հատկապես կարեւոր է հիմա, երբ Ուկրաինայի տարածքում շարունակվում է ռուսական դաժան ագրեսիան»,- ասվում է Չեխիայի խորհրդարանի ստորին պալատի ընդունած փաստաթղթում:
Ուկրաինայում հոլոդոմորը պաշտոնապես ճանաչվել է որպես ցեղասպանություն: Ենթադրվում է, որ 1932-1933 թվականներին Ուկրաինայում սովից մահացել է մոտ 4 միլիոն մարդ, եւս 3 միլիոն մարդ՝ հիմնականում գյուղացիական բնակչություն, այդ տարիներին սովից մահացել է Բելառուսում, Ռուսաստանում, Ղազախստանում եւ Խորհրդային Միության այլ հանրապետություններում:
Ըստ բանաձեւի՝ հոլոդոմորը 1932-1933 թվականներին միտումնավոր կազմակերպել է հրեշավոր խորհրդային ռեժիմը` նպատակ ունենալով կոտրելու ուկրաինացի ժողովրդի կամքը բռնի կոլեկտիվացման դեմ պայքարում եւ խարխլելու նրա ազգային ինքնությունը:
Բնակիչներին միտումնավոր զանգվածային սովամահության ենթարկելու ծրագիր չի եղել
Մոսկվան պնդում է, որ բոլշեւիկները բնակիչներին միտումնավոր զանգվածային սովամահության ենթարկելու ծրագիր չեն ունեցել, եւ որ սովից մահացածների թիվը չի համապատասխանում իրականությանը: Սովն, ըստ Մոսկվայի, սկսվել է մի շարք բացասական գործոնների՝ անբարենպաստ կլիմայական պայմանների, վատ բերքի եւ աշխատանքների վատ կազմակերպման, ինչպես նաեւ ստալինյան ռեժիմի սխալ տնտեսական քաղաքականության հետեւանքով:
Չեխ պատգամավորները ընդունել են եւս մեկ բանաձեւ, որով խստորեն դատապարտել են Բուչա ավանում ռուսական բանակի վայրագությունները:
Ռուսաստանը կտրականապես հերքում է Բուչայում խաղաղ մարդկանց սպանդի մեղադրանքը՝ պնդելով, որ ուկրաինացիները կեղծ նյութեր են տարածում Բուչայի դեպքերի մասին: