ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ դաշնակիցները շուտով Ուկրաինային կտրամադրեն 10 հակատանկային համակարգ յուրաքանչյուր ռուսական տանկի համար։
Ամերիկյան NBC գործակալությանը տված հարցազրույցում Բլինքենն ասել է, որ հնարավոր է՝ Ուկրաինայում զինված հակամարտությունը ձգձգվի, սակայն ոչ մի հավանական սցենար չի տեսնում, որում Կիեւը ռուսների դեմ մղված ազատագրական պատերազմում չհաղթի։ Պետքարտուղարը նշել է, որ Կիեւը կհաղթի՝ անկախ նրանից, թե հետագայում ինչպես կզարգանան իրադարձությունները, եւ որքան կտեւի զինված հակամարտությունն Ուկրաինայում:
Մարտի 15-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ Ուկրաինային 100 Switchblade մեկանգամյա օգտագործման «կամիկաձե» անօդաչու թռչող սարք է մատակարարելու՝ որպես 800 միլիոն դոլար ընդհանուր գումարի օգնության փաթեթի մաս: Այդ անօդաչուն մշակվել է ԱՄՆ բանակի կողմից Աֆղանստանում մարտերի ընթացքում: Այն ընդամենը 2,7 կգ է կշռում եւ տեղավորվում է ուսապարկում։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Գերմանիան ամեն կերպ սատարելու է Ուկրաինային, որ Ռուսաստանն այս պատերազմում չհաղթի: Կանցլերը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ պահանջել անհապաղ դադարեցնել ավերիչ պատերազմն Ուկրաինայում:
«Դրան են ուղղված մեր բոլոր ջանքերը: Դա վերաբերում է զենքի մատակարարումներին, ֆինանսական եւ մարդասիրական օգնությանը: Եվ, իհարկե, պետք է նվազեցնենք մեր կախվածությունը ռուսական էներգակիրներից»,- շեշտել է Շոլցը:
Կանցլերը նաեւ նշել է, որ Բեռլինը քննարկում է Կիեւի հետ պատերազմի ավարտից հետո Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հնարավորությունը: