ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը:
Ժոզեպ Բորելը իր թվիթերյան գրառման մեջ հղում է արել ԵԽ նախագահ Շառլ Միշելի գրառմանը, որում վերջինս նշել է, թե արդյունավետ երեկո են ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ՝ կոնկրետ եւ շոշափելի արդյունքներով, հանձնառություն են ստանձնել՝ աշխատելու խաղաղության ապագա պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ:
Բորելն այն գնահատել է որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված կարեւոր ջանք եւ առաջընթաց՝ տեւական խաղաղության եւ կայուն ու ապահով Հարավային Կովկասի ուղղությամբ աշխատելու համար:
«Ներկա աշխարհաքաղաքական համատեքստում հիմա առավել քան երբեւէ կարեւոր է գտնել ուղիներ՝ ներգրավվելու եւ դիվանագիտական ճանապարհով լուծելու հակամարտությունները»,- ընդգծել է բարձրագույն հանձնակատարը: