ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ուկրաինական կողմը ապրիլի 6-ին ներկայացրել է Ռուսաստանի հետ համաձայնագրի նոր նախագիծը, որում ակնհայտ հետընթաց է նկատվում Ստամբուլում բանակցությունների ժամանակ հնչած առաջարկներից:
«Նախօրեին ուկրաինական կողմը բանակցային խմբին է ներկայացրել համաձայնագրերի իր նախագիծը, որն ակնհայտորեն շեղվում է մարտի 29-ին Ստամբուլում անցկացված հանդիպման ժամանակ արձանագրված կարեւորագույն դրույթներից: Ընդ որում՝ դրանք ամրագրված են փաստաթղթում, որի տակ դրված է ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիայի ստորագրությունը»,- նշել է Լավրովը:
Ուկրաինան համաձայնագրի նոր նախագծում առաջարկում է երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ քննարկել Ղրիմի եւ Դոնբասի հարցերը, ինչը Ռուսաստանի համար անընդունելի է: Միեւնույն ժամանակ ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան մտադիր է շարունակելու բանակցությունները Կիեւի հետ:
«Ի հեճուկս բոլոր սադրանքներին՝ ռուսական պատվիրակությունը կշարունակի բանակցային գործընթացը՝ առաջ մղելով համաձայնագրի մեր նախագիծը, որում հստակ եւ ամբողջությամբ շարադրված են մեր բոլոր սկզբնական առանցքային դիրքորոշումներն ու պահանջները»,- հայտարարել է Լավրովը: