Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կասեցրել է Ռուսաստանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդին: Որոշումը պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով:
ԱՄՆ-ի գլխավորած այս նախաձեռնությանը կողմ է քվեարկել 93 երկիր, 24 երկիր դեմ է քվեարկել, իսկ 58 երկիր ձեռնպահ է մնացել:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում մասնակցության կասեցում հազվադեպ է լինում: Լիբիայի մասնակցությունը դադարեցվել էր 2011-ին ցուցարարների նկատմամբ այն ժամանակվա առաջնորդ Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերի ցուցաբերած բռնության պատճառով:
Փաստաթղթում նշվել է, որ անհրաժեշտության դեպքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կարող է վերանայել այդ որոշումը։ Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդի գրասենյակից РИА Новости-ին տեղեկացրել են, որ բանաձեւի ընդունումից հետո Ռուսաստանը կպահպանի իր տեղը Մարդու իրավունքների խորհրդում, սակայն կզրկվի ձայնի իրավունքից եւ ելույթի հնարավորությունից: