Ազգերի, առավել եւս՝ պետությունների հարաբերություններում բոլորովին անտեղի է «եղբայրություն», «բարեկամություն», «քիրվայություն» եւ նման այլ հասկացությունների կիրառումը։ Բարեկամ ազգեր, ժողովուրդներ, առավել եւս պետություններ չեն լինում։
«Եղբայրությունը», «բարեկամությունը», «քիրվայությունը» անհատական կամ ընտանեկան մակարդակի հարաբերություններ են։ Եվ երբ մի երկրից ողջունում են «բարեկամ հայ ժողովրդին» կամ «եղբայր հայ ժողովրդին», պետք է հասկանալ, որ դրանք ընդամենը բառեր են, գուցե ականջ շոյող, գուցե սփոփող, բայց բնավ որեւէ նյութական իմաստ չունեցող։
ԽՍՀՄ-ում էլ ասում էին՝ «եղբայրական ազգեր»։ Բայց հենց այդ ձեւակերպման օգտագործմամբ էր մեկն իրեն հայտարարել «ավագ եղբայր», եւ բնականաբար մյուսները պետք է ենթարկվեին նրան իբրեւ ավագի։
Ի դեպ, ռուսները նաեւ էդպիսի արտահայտություն ունեն՝ «мы же все братья славяане!»: Նկատի են ունենում, որ սլավոնական ազգերը եղբայրներ են, ինչո՞ւ պետք է իրար հետ կռվեն։ Բայց վերապահումով՝ իրենք ավագ եղբայր են, եւ բոլոր սլավոնները պետք է իրենց լսեն։
Արդյո՞ք նաեւ սա՝ «ավագ եղբոր» մտածելակերպը չէ ընկած ռուս-ուկրաինական ներկա պատերազմի հիմքում. «Ո՞նց թե՝ դու ինձ հետ ախպերություն անելու փոխարեն քեզ համար ընկերներ ես փնտրում ա՞յլ տեղ՝ ընտանիքից դո՞ւրս»։
Կրկնեմ՝ եղբայրությունն ու բարեկամությունը անհատական մակարդակի հարաբերություններ են։ Ազգերն ու պետությունները կամ սեփական շահերը նկատի ունենալով՝ համագործակցում են, կապեր պահպանում կամ ոչ, եթե իրարից հազարավոր մղոններ հեռու են։
Օրինակ՝ Հայաստանն ու Վանուատաուն, ըստ էության, իրար հետ ո’չ համագործակցում են (հնարավոր է միջազգային կազմակերպություններում, ասենք՝ ՄԱԿ-ում, ինչ-որ հարցի վերաբերյալ միատեսակ քվեարկեն, բայց դա դժվար թե համագործակցություն որակվի), ո’չ էլ իրարից ինչ-որ պահանջներ ունեն, իրար «եղբայր» կամ «բարեկամ» պետություն էլ չեն որակում։
Սակայն նույն Վանուատաուն, բնականաբար, համագործակցում է իր հարեւանների՝ Սողոմոնյան կղզիների, Ավստրալիայի եւ այլ երկրների հետ։ Կարծես իրար հետ չեն էլ կռվում։
Եվրամիությունը հենց ստեղծվել է ոչ թե եղբայրության, այլ կողք կողքի հաշտ ապրելու եւ համագործակցության հիման վրա։ Ու սրանով է տարբերվում նախկին ԽՍՀՄ-ից եւ ներկա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ-ից, որտեղ նույնպես «մեծ եղբայր» կա)։
Ֆրանսիացի գործիչը չի ասում «եղբայր գերմանացի ժողովուրդ» կամ «բարեկամ Գերմանիա» (ավելին՝ հնարավոր է նույնիսկ իրար նկատմամբ սառն են)։ Սակայն այդ երկու պետությունները կողք կողքի ապրում են, համագործակցում՝ յուրաքանչյուրն իր շահից ելնելով։
ԵԱՀԿ-ն էլ, որի անդամ է նաեւ Հայաստանը, իր մեջ չունի «բարեկամություն» կամ «եղբայրություն» բառերը, այլ միայն «անվտանգություն» եւ «համագործակցություն»։
Այսինքն՝ «եղբայրություն», «բարեկամություն», «քիրվայություն» տերմիններն առավել եւս կիրառելի չեն հարեւան երկրների եւ ազգերի պարագայում։ Հարեւան երկրները կամ կողք կողքի ապրում են, դարձյալ յուրաքանչյուրն իր շահից ելնելով՝ համագործակցում կամ պատերազմում են. գուցե շատ երկար, գուցե զինված բախումներով, գուցե առանց դրանց, բայց մշտական պատերազմական իրավիճակի մեջ։
Սակայն ցանկացած պատերազմ (նաեւ «սառը») ի վերջո ավարտվում է կամ պիտի ավարտվի խաղաղությամբ, ապա եւ՝ կողք կողքի ապրելով։
Պատերազմը ծանր բեռ է։ Սակայն ավելի ծանր բեռ է խաղաղությունը։
Ես հասկանում եւ ընդունում եմ հայ ժողովրդի մեծամասնության մտահոգությունը խաղաղության հաստատման ներկա գործընթացի վերաբերյալ։ Ես համաձայն եմ, որ արժանապատիվ խաղաղություն չի կարող բերել մեկը, որ նվաստացել է, պարտվել եւ պատրաստ է կատարելու մյուս կողմի ցանկացած պահանջ՝ իր պատկերացրած խաղաղությանը հասնելու համար։
Չի կարող, որովհետեւ նրա համար կարեւորը իշխելն է, ընդ որում՝ երկրորդական է, թե քանի քառակուսի մետր տարածքում ու քանի ենթակայի վրա իշխելը։
Իր փառամոլությամբ փայլողը, իշխանությունը հանուն իշխանության կրողը չի կարող խաղաղություն բերել։ Նրա խաղաղությունը սեփական փառասիրական ամբիցիաները բավարարելու նպատակ է միայն հետապնդում (գուցե Խաղաղության նոբելյան մրցանակ ստանա մեր նվաստացման հաշվին)։
Իսկ խաղաղություն պետք է։
Բայց այդ ծանր բեռը կարող է կրել միայն դրա իրական արժեքը հասկացողը, միայն նա, ում համար սեփական փառքը երկրորդական է, միայն նա, ով կարողացել է տանել նաեւ պատերազմի ծանր բեռը։
Հ. Գ. Բրյուսելից ապրիլի 6-ին հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերն ամեն ինչ ասում էին «խաղաղության դարաշրջան բացողի» մասին։ Ես չեմ մեկնաբանում, ինքնե՛րդ նայեք։ Եվ ապրիլի 7-ին կառավարության նիստի սկզբում ասված պարզաբանումներն էլ չցրեցին բրյուսելյան լուսանկարների տպավորությունը։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։