ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպումը, որ կայացավ ապրիլի 6-ին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։
«Մեզ ոգեւորում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամենաբարձր մակարդակով շարունակվող անմիջական փոխգործակցությունը։ Ի գիտություն ենք ընդունում կողմերի հայտարարված հանձնառությունը հետագա բանակցություններին եւ կոնկրետ քայլերին՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի անունից նրա խոսնակի տարածած հայտարարությունում։
Ստեֆան Դյուժարիկը երախտագիտությամբ նշել է Եվրամիության դերը շփումների շարունակմանը նպաստելու գործում եւ կողմերին հորդորել բոլոր վիճելի հարցերը լուծել երկխոսության միջոցով ու գոյություն ունեցող ձեւաչափերի շրջանակներում:
«ՄԱԿ-ը պատրաստ է աջակցելու բոլոր նման ջանքերին, այդ թվում՝ մարդասիրական օգնություն տրամադրելու, վերակառուցման եւ խաղաղության հաստատմանը աջակցելու միջոցով»,- հավելել է Դյուժարիկը։