Ընդդիմությունը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության տարբեր պատգամավորներ, խոսում են Շուշին եւ Հադրութը հետ բերելու հնարավորության մասին: Նրանցից ոմանք դա պատկերացնում են դիվանագիտական ճանապարհով, մյուսները՝ Հայկական բանակի միջոցով, ինչպես 1992-ին: Պատգամավորներից մեկը օրերս Հ1-ի եթերում հայտարարեց, որ 1992-ին ընդդիմությունն է ազատագրել Շուշին:
Եթե 1992-ին ընդդիմությանը հաջողվել է ազատագրել Շուշին, ապա ինչո՞ւ այսօրվա ընդդդիմությանը դա չի հաջողվում: Ավելին, եթե ընդդիմությունը կարող է ազատագրել Շուշին եւ Հադրութը, Ադրբեջանի գրաված մյուս բնակավայրերը, ինչո՞ւ ենք 44-օրյա աղետի պատասխանատվությունը դնում իշխանությունների վրա:
1988-ից ի վեր հայ քաղաքական հավաքական միտքը, բացառությունները՝ մի կողմ, չհասկացավ կամ չուզեց հասկանալ երկու պարզագույն բան.
ա) Արցախի անկախության հարցում Հայաստանը չունի անգամ մեկ դաշնակից, չկա մի պետություն, որ պատրաստ էր ճանաչելու,
բ) պետք է ձգտել ստանալու հնարավոր անհրաժեշտը, այլ ոչ անիրական ցանկալին, առավելագույնն ու երազայինը:
Մարդիկ խոսում են Շուշին ու Հադրութը հետ բերելու, այսինքն՝ ԼՂԻՄ-ի վերականգնման մասին, մինչդեռ նույն այդ մարդիկ տարիներ առաջ, երբ Շուշին ու Հադրութը մերն էին, դավաճանի ու հողատուի պիտակ էին կպցնում բոլոր նրանց, ովքեր հրապարակավ խոսում էին ԼՂԻՄ-ից դուրս տարածքները, բացի Լաչինի ոչ միջանցքային մասերից, Ադրբեջանին վերադարձնելու անհրաժեշտության մասին, որպեսզի չլինի պատերազմ ու 44-օրյա աղետ:
Այսպես է եղել մեր պատմության վերջին 100 տարիներին:
Մինչեւ 1918 թվականին Հայաստանի Հանրապետության հիմնադրումը հայ քաղաքական միտքը՝ կուսակցություններ, հասարակական գործիչներ, հատուկենտ բացառությունները չհաշված, չէին խոսում անկախ Հայաստանի մասին: Նրանց առավելագույն պահանջը Օսմանյան կայսրությունում ինքնավար Հայաստանն էր:
1919-ին, երբ բրիտանական զորքերի օգնությամբ Հայաստանն ընդարձակվեց դեպի Նախիջեւան ու Կարս, մեր պահանջներն ընդլայնվեցին: Հետո հայ քաղաքական միտքը տարվեց Սեւրի արկածախնդրությամբ՝ 160 հազար քառակուսի կմ տարածքով մի Հայաստան, որտեղ հայերը կազմելու էին փոքրամասնություն: Մենք ոչ միայն չկարողացանք ունենալ 160 հազար քառակուսի կմ տարածքով Հայաստան, այլեւ չկարողացանք 2 ամսից ավելի պահել Նախիջեւանը, իսկ Կարսը կարողացանք պահել մեկ տարուց քիչ ավելի միայն:
Մենք հրաժարվեցինք թուրքերի հետ խոսելուց, երբ նրանք տկար էին եւ, թվում է, պատրաստ էին խոսելու:
1988-ին մենք պահանջում էինք ԼՂԻՄ-ի միացումը Խորհրդային Հայաստանին: 1994 թվականի անժամկետ զինադադարից հետո մեր նարատիվը փոխվեց: ԼՂԻՄ-ից դուրս շրջանները նախ համարեցինք անվտանգության գոտի, ապա՝ ազատագրված տարածքներ, իսկ 2006-ից՝ ԼՂՀ անբաժանելի մաս: Առավել պահանջատերները խոսում էին Քուռ-Արաքսյան միջագետք դուրս գալու մասին:
Այսօր, երբ մեր ունեցածի 25 տոկոսն է մնացել, այն էլ՝ ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում, ընդդիմությունը խոսում է Շուշին ու Հադրութը վերադարձնելու մասին:
1996-ին Լիսաբոնի ԵԱՀԿ գագաթաժողովում անդամ բոլոր պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ նրա կազմում Լեռնային Ղարաբաղի ամենաբարձր ինքնավարությունը: Դա Հայաստանի համար անընդունելի էր, այդ պատճառով առաջին նախագահ Լեւն Տեր-Պետրոսյանը վետո դրեց որոշման վրա:
Դրան հաջորդեց 1997-ը, երբ մենք կարող էինք հայկական պահել ԼՂԻՄ-ն ու Լաչինի շրջանը, կարգավիճակը թողնել ապագային: Հայ պահանջատիրական միտքը դա համարեց դավաճանության նման մի բան: Այսօր երանի ենք տալիս 1997-ին:
2014 թվականից մինչեւ 2020-ի սեպտեմբեր Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը պարզ տեքստով ասում էր, որ հայկական ուժերը պետք է դուրս գան առնվազն 5 շրջաններից: Մենք անտեսում էինք այդ պահանջը, իսկ հիմա հույսներս դրել ենք ռուս խաղաղապահների վրա:
Հայաստանը կանգնած է ճակատագրական ճամփաբաժանի առաջ: Եթե ուզում ենք պահել Արցախից մնացած կտորը, ապա պետք է պահենք Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը: Անհեթեթ է պահանջել Արցախի ինքնորոշման իրավունքը եւ Հայաստանը տանել Թաթարստանի կողմերը: Եթե ուզում ենք Արցախը պահել հայկական, պետք է հայ ժողովրդին պահել այնտեղ, այլապես մեր պատմության դասագրքերում կավելանա Արցախի կորստյան մասին նոր գլուխը:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։