ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտգործնախախար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են Ռուսաստանի հետ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համագործակցելուց:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանի հետ տարաձայնությունների հետեւանքով Արեւմուտքը զոհաբերել է խնդրի կարգավորումը:
«Չգիտեմ՝ Մինսկի խմբին հետագայում ինչ ճակատագիր է սպասում, քանի որ մեր ֆրանսիացի ու ամերիկացի գործընկերները հակառուսատյացության արշավի ընթացքում ձգտում են չեղարկելու այն ամենն, ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը: Նրանք չեղարկել են նաեւ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ հայտարարելով, թե մեզ հետ չեն շփվելու այդ ձեւաչափով։ Դա նրանց իրավունքն է, եթե պատրաստ են զոհաբերելու ղարաբաղյան խնդրի կարգավորումը եւ ընդհանուր առմամբ Կովկասի շահերը, պատրաստ են զոհաբերելու տվյալ դեպքում հայկական կողմի շահերը, դա նրանց ընտրությունն է»,- ասել է Լավրովը:
Արեւմուտքի դիրքորոշումն «անպատասխանատու» որակելով՝ Լավրովը միաժամանակ պնդել է, թե Հարավային Կովկասի ու Ղարաբաղի մասով Ռուսաստանը հավատարիմ կմնա ստանձնած պարտավորություններին։
Լավրովն ասել է, թե ՌԴ-ն լիովին հանձնառու է աջակցել եռակողմ ձեւաչափով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններին: