«Հայաստան» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը համարում է, որ 1998-ի իշխանափոխությամբ հաջողվեց հաղթահարել «Լիսաբոնի խայտառակությունը» եւ յոթ տարի անց (իրականում՝ տասը) հասնել նրան, որ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները ճանաչեն ԼՂ ինքնորոշման իրավունքը առանց սահմանափակման եւ դա անվանեն «ռազմավարական եւ դիվանագիտական հաղթանակ»։
Մի կողմի նկատմամբ մյուսի մանավանդ ռազմավարական հաղթանակը, որպես կանոն, ամրագրվում է համապատասխան պայմանագրով, ինչը Մադրիդից հետո այդպես էլ չի ստորագրվել։ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը կողմերին ընդամենը ներկայացրել են ԼՂ կարգավորման սկզբունքներ եւ տարրեր։ Դրանք վերաշարադրելու իմաստ չկա։ Արտառոցը Թեւանյանի այն պնդումն է, որ Հայաստանի դիվանագիտական պարտությունները՝ Լիսաբոնը եւ Բրյուսելը (նկատի ունի ապրիլի 6-ի Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպումը), «տեղի են ունեցել, երբ Հայաստանում իշխել է խաղաղության կուսակցությունը»։ Լիսաբոնում Հայաստանը «վետո» է կիրառել եւ կասեցրել Ադրբեջանի կազմում ԼՂ կարգավիճակը կանխորոշող՝ ԵԱՀԿ գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի ընդունումը։
Լիսաբոնից մեկ տարի անց Հայաստանը հասել է նրան, որ միջնորդները ներկայացրել են հակամարտության զինված փուլին վերջ տալու մասին համաձայնագրի նախագիծ, որը հավասարի իրավունքով պետք է ստորագրեր նաեւ ԼՂՀ նախագահը։ Դիվանագիտական հաղթանակը դա էր, որի իրավական ամրագրումը ձախողվել է իշխանափոխությամբ, եւ չորս ամիս պարապուրդի մատնվելուց հետո նոր՝ «պատերազմի կուսակցության» իշխանությունը Մոսկվային խնդրել է միջնորդել, որ Ադրբեջանն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում «ընդհանուր պետության մաս» ճանաչի Լեռնային Ղարաբաղը՝ նախկին ԼՂԻՄ-ի սահմաններում։
Դիվանագիտական պարտություն էր, երբ Ադրբեջանի կազմից նաեւ պաշտոնական Բաքվի փաստացի համաձայնությամբ դուրս բերված Արցախը Հայաստանի «ազգային-հայրենասիրական» իշխանությունները վերստին վերադարձրին Ադրբեջանի կազմ, որպեսզի քսան տարի բանակցեն նրա ինքնորոշման իրավունքի ճանաչման համար։ Բայց չէ՞ որ 1997-ին Ադրբեջանը պատրաստ էր խաղաղության պայմանագիր ստորագրելու Լեռնային Ղարաբաղի հետ։ Չէ՞ որ դա ոչ միայն ինքնորոշման իրավունքի, այլեւ Լեռնային Ղարաբաղի անկախության փաստացի ճանաչում էր։
Դա հայկական դիվանագիտության աստեղային ժամն էր, տրիումֆը։ Մադրիդյան սկզբունքներն առաջարկություն էին, խաղաղության պայմանագիրը՝ Ադրբեջանի համաձայնությանն արժանացած փաստաթուղթ։ Ով այս տարբերությունը չի հասկանում, քաղաքականության մեջ անելիք չունի։ Ով իրավիճակը գնահատում էր «մենք բանակցում էինք ստանալու, ոչ թե հանձնելու» սկզբունքով, խոստովանում է անմեղսունակությունը, որովհետեւ հնարավոր է այն, ինչի շուրջ կողմերի միջեւ գոնե նախնական համաձայնություն կա։ Ադրբեջանը երբեք չի ընդունել, որ ԼՂ-ում, անգամ ադրբեջանցիների վերադարձից հետո, կարգավիճակի հարցով անցկացվելու է հանրաքվե կամ նույնիսկ պլեբիսցիտ։
Միջնորդները չէին կարող Ադրբեջանին պարտադրել, որ ընդունի առաջարկված սկզբունքները։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց հնարավոր էր քննարկել միայն ԼՂ շուրջը տարածքները վերադարձնելուց հետո, մի քայլ, որին Հայաստանի իշխանությունները չեն գնացել ոչ թե հայրենասիրությունից մղված, այլ որպեսզի չենթարկվեն համաժողովրդական ահեղ դատաստանի, որովհետեւ տարիներ շարունակ մարդկանց ներշնչել էին, որ ոչ մի թիզ հող չեն զիջելու, կերտելու են նոր, հզոր, միասնական Հայրենիք, Հայաստանը դարձնելու են «տարածաշրջանի վագրը»։
Ահա մադրիդյան այդ «հաղթանակն» է գլխապտույտի մատնել «ազգային-հայրենասիրական» ուժերին։ Նրանց թվացել է, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան «պահանջում են ԼՂ կարգավիճակի հարցով հանրաքվե», եւ Ադրբեջանը մի օր պարտադրված կլինի ընդունել իր պարտությունը։
Նրանք խաղացել են ժամանակի վրա՝ չտեսնելով եւ չհասկանալով, թե ինչ է կատարվում, ուր են տանում աշխարհաքաղաքական փոփոխությունները, դարձել են սեփական երեւակայության պատանդը, մինչեւ կպայթեր ապրիլյան քառօրյան, որից հետո ուշքի գալու ժամանակ այլեւս չէր մնա։
Հարցը դրվել է շատ հստակ՝ «տարածքներ՝ լայնածավալ պատերազմ չսկսելու երաշխիքի դիմաց»։ Դիվանագիտական ֆիասկոն դա էր. դրսում բանակցում էին շատ առարկայական հարցերի շուրջ, տանը մարդկանց ստում, թե «քննարկվում է Վիեննայի օրակարգը»։ Պետական կյանքում ստելու ավանդույթն այդ իշխանություններն են ձեւավորել։ Փաշինյանը նրանց «քթից թռած» է։
Եվ քառասունչորսօրյա պատերազմի, աղետալի հետեւանքների, գրեթե անելանելի այս իրավիճակի համար հավասարապես պատասխանատու են Հայաստանի հետտերպետրոսյանական երեք իշխանությունները։ Ավելի ճիշտ՝ նույն արկածախնդիր, բայց եռադեմ իշխանությունը։ Անդրանիկ Թեւանյանը ո՞ր «գլխի» ներկայացուցիչն է՝ ոչ մի կարեւորություն չունի։ Խնդիրը «մեծության» մեջ չէ, այլ պարունակության, որ երեք տարբերակում էլ «կոնդիցիայի հասած չէ»։
Սա տեսակ է, որի բնորոշումը Վանո Սիրադեղյանն է տվել․ «Թութակը նոր բան սովորում է, դեբիլը՝ ոչ»։ Հայաստանը նախ ապադեբիլացման փուլ պետք է անցնի։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։