Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցավար Վազգեն Բադալյանի գլխավորությամբ 13 մարզիկով կմասնակցի Բուլղարիայում ապրիլի 12-21-ը կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեդալների համար կպայքարեն Թումաս Թումասյանը (48 կգ), Արեն Ասլամազյանը (51 կգ), Գոռ Ազիզյանը (54 կգ), Մանվել Պետրոսյանը (57 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Արես Հակոբյանը (67 կգ), Գարիկ Անտանոսյանը (71 կգ), Տարոն Սարգսյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Աղվան Ալեքսանյանը (86 կգ), Ավետիք Հովակիմյանը (92 կգ) եւ Ալբերտ Հարությունյանը (+92 կգ):
Ինչ վերաբերում է բռնցքամարտի մեծահասակների հավաքականին, Կարեն Աղամալյանի սաները վերջերս միջազգային մրցաշարի են մասնակցել Սերբիայում եւ 2 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ նվաճել: Մրցաշարին մասնակցել է 21 երկրի ներկայացուցիչ:
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթող են դարձել 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը եւ գերծանրքաշային Դավիթ Չալոյանը։ Աշխարհի փոխչեմպիոնը ճանաչվել է նաեւ մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ։
57 կգ քաշային Արթուր Բազեյանը եւ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը դարձել է բրոնզե մեդալակիր։