Ըստ բրիտանական «Reuters» գործակալության՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը նախատեսում է Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության մասին Եվրոպական խորհրդին եզրակացություն տալ արդեն ամռանը:
«Սովորաբար տարիներ են անցնում, մինչեւ Եվրախորհուրդն անդամակցության հայտ է ընդունում, սակայն Ուկրաինան դա արել է մեկ-երկու շաբաթ անց, եւ ես խնդրում եմ հնարավորինս շուտ առաջ շարժվել»,– ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Կիեւ կատարած այցի շրջանակում ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ Եվրամիության ընտանիքում Կիեւի համար տեղ կա, եւ խոստացել, որ անդամակցության հարցը կդիտարկվի ոչ թե տարիների, այլ շաբաթների ընթացքում։
«Այս հարցաշարը լուրջ ազդանշան է, որ Ուկրաինան եւ Եվրամիությունը միասին են: Մենք կիսում ենք նույն արժեքները, հանուն այդ արժեքների ենք պայքարում»,- հայտարարել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը հանդիպել է նաեւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։