ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը թվիթերյան գրառման մեջ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կլուծվի ռազմական ճանապարհով:
Եվրամիության գլխավոր դիվանագետը նշել է, որ զենքի մատակարարումները կկատարվեն Ուկրաինայի կարիքներին համապատասխան։
Գերմանիան չափազանց զգուշավոր է
Գերմանական Bild պարբերականի հետ հարցազրույցում Զելենսկին հայտարարել է, որ Եվրամիության անդամ երկրներից մեկի կառավարության ղեկավարը խնդրել է ապացույցներ տրամադրել, որ Բուչայում խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունները բեմադրված չէին։ Զելենսկին հավելել է, որ խոսքը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասին չէ։
Ուկրաինայի նախագահը մտահոգություն է հայտնել, որ մի շարք երկրներ եւ հատկապես Գերմանիան դանդաղեցնում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու գործընթացը եւ դեմ են արտահայտվում ռուսական նավթի ու գազի էմբարգոյին:
«Գերմանիան չափազանց զգուշավոր է Ուկրաինային աջակցելու հարցում։ Նրանք մեզ զենք չէին տրամադրում, բացահայտ հայտարարում էին, որ մենք ՆԱՏՕ-ի անդամ չենք դառնա: Բեռլինի հռետորաբանությունը, սակայն, փոխվել է»,- պարզաբանել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը նշել է նաեւ, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցելուց բացի այլ ելք չունի՝ հույս հայտնելով, որ Մոսկվայի հետ բանակցությունները կշարունակվեն։ Հնդկական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում էլ Զելենսկին եւս մեկ անգամ հայտարարել է, որ պատրաստ է հանդիպելու եւ քննարկելու ցանկացած թեմա, բայց միայն Վլադիմիր Պուտինի հետ։
Որքան խստանան պատժամիջոցները, այնքան պատերազմի ավարտը մոտ կլինի
Զելենսկու հետ հանդիպումից հետո Կիեւում անցկացված համատեղ ասուլիսում կանցլերն ասել է, որ Եվրոպական միությունը մտադիր է շարունակել պատժամիջոցների սահմանումը եւ այդպես պարտադրել Պուտինին դադարեցնել պատերազմը:
«Մենք կշարունակենք էլ ավելի խիստ սանկցիաներ ընդունել այնքան, մինչեւ պատերազմն ավարտվի: Հիմա մենք ընդունել ենք պատժամիջոցների հերթական փաթեթը, դա վերջինը չի լինի: Դա արվում է պատերազմն ավարտելու համար»,- ասել է Կառլ Նեհամերը:
Ավստրիայի կանցլերը Կիեւում բանակցել է Զելենսկու հետ: Նեհամերը նաեւ հանդիպելու է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի եւ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլինչոյի հետ:
Անվտանգության նորանոր երաշխավորներ
Ամերիկյան Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ցանկանում է՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր երկրների թվում լինեն նաեւ Չինաստանն ու Հնդկաստանը:
Մարտի 29-ին Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքում Կիեւն առաջարկել էր, որ Ուկրաինայի անվտանգության երաշխավորների թվում կարող են լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետությունները, ինչպես նաեւ Գերմանիան, Իսրայելը, Իտալիան, Կանադան, Լեհաստանը եւ Թուրքիան:
Մեծ Բրիտանիայի վարչապետը չծրագրված այցով Կիեւում է
Ըստ բրիտանական BBC գործակալության հաղորդագության՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի մայրաքաղաքում բանակցություններ է վարում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։
Նրանք կքննարկեն Ուկրաինային Միացյալ Թագավորության երկարաժամկետ աջակցությունը, եւ վարչապետը կսահմանի ֆինանսական եւ ռազմական օգնության նոր փաթեթ: