Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի բրյուսելյան բանակցությունների արդյունքները:
Ընդգծվել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների ամբողջական կատարման, ինչպես նաեւ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի զարգացման եռակողմ աշխատանքային խմբի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:
Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքների մեկնարկի եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը վերաբերող հարցերին:
Ավելի վաղ Պուտինն, ըստ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության՝ հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վերջինս ՌԴ նախագահին տեղեկացրել էր ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Իլհամ Ալիեւի հետ ունեցած հանդիպման արդյունքների, ինչպես նաեւ ապրիլի 19-ին Մոսկվա կատարելիք իր պաշտոնական այցի մասին:
Ըստ պաշտոնական Երեւանի տարածած հաղորդագրության՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման եւ սահմանազատման աշխատանքների մեկնարկի, ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների, նրանց դուրսբերումն ապահովելու վերաբերյալ ռուս խաղաղապահների ձեռնարկելիք միջոցների եւ այլ հարցերի շուրջ քննարկումները կշարունակվեն ապրիլի 19-ին Մոսկվայում: