Ըստ բրիտանական The Times պարբերականի՝ Շվեդիան եւ Ֆինլանդիան, ըստ ամենայնի, ամռանը կանդամակցեն ՆԱՏՕ-ին: Ֆինլանդիան Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության դիմում կտա հունիսին, Շվեդիան անմիջապես կհետեւի նրան:
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հնարավոր անդամակցումը ամենաքննարկվող թեմաներից մեկն էր Բրյուսելում ապրիլի 6-7-ին Հյուսիսատլանտյան դաշինքի ատաքին գործերի նախարարների հանդիպմանը:
Շվեդիայի եւ Ֆինլանդիայի իշխանությունները համատեղ աշխատում են իրենց երկրների ներսում փոխհամաձայնության հասնելու ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով, սակայն վերջնական որոշումը յուրաքանչյուր պետություն կընդունի ինքնուրույն:
Ֆինլանդիան հնարավոր է ՆԱՏՕ-ի անդամակցության հայտ տալու որոշում ընդունի մայիսին: Ապրիլի 14-ին Ֆինլանդիայի նախարարների կաբինետը կհրապարակի արտաքին եւ անվտանգության քաղաքականության զեկույցի լրացումը: Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիսոն հայտնել է, որ հայտը տալու դեպքում ՆԱՏՕ Ֆինլանդիայի ընդունման գործընթացը կարող տեւել մի քանի ամսից մինչեւ մեկ տարի:
Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցությունում ՆԱՏՕ-ին երկրի անդամակցման հնարավորության ներքին քննարկում է ընթանում: Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտարարել է, որ այլեւս չի բացառում Շվեդիայի՝ չմիացման քաղաքականության վերանայումը եւ դաշինքին անդամակցումը: Մինչդեռ նա քանիցս պնդել է, թե որեւէ ռազմական դաշինքի չհարելը բխում է Շվեդիայի շահերից: Այժմ արդեն վարչապետ Անդերսոնը շեշտել է, որ երբ անվտանգության քաղաքականության քարտեզը վերաձեւվի, Շվեդիային անհրաժեշտ կլինի նոր վերլուծություն անել եւ որոշումներ ընդունել դրա հիման վրա: