Ըստ հարավկորեական Yonhap գործակալության՝ Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Սո Ուկն ապրիլի 8-ին ուկրաինացի պաշտոնակից Ալեքսեյ Ռեզնիկովի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կրկին նշել է, որ դժվարին է համարում Ուկրաինային մահացու զենքի մատակարարումները:
Ըստ պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Պու Սին Չհանի՝ Ուկրաինայի նախարարը հարցրել է՝ չի՞ կարելի արդյոք մատակարարել հակաօդային պաշտպանության միջոցներ:
Նախարար Սո Ուկը պարզաբանել է, որ Հարավային Կորեայի անվտանգության ոլորտի իրադրության եւ հարավկորեական բանակի ներուժի վրա այդ քայլի ազդեցության պատճառով դժվարություններ է տեսնում Ուկրաինային մահացու զենքի մատակարարումների հարցում:
Ավելի վաղ Սեուլում արդեն նշել են Ուկրաինային մահացու զենքի մատակարարումների դժվարինությունը: Դրա փոխարեն պաշտպանության նախարարությունը մարտին Ուկրաինային է հանձնել սաղավարտներ, չոր մթերաբաժիններ, ծածկոցներ, դեղարկղիկներ, վրաններ՝ ընդամենը 20 անուն առարկաներ: Օգնության արժեքը գնահատվել է 804 հազար դոլար: