Այն, որ Նիկոլ Փաշինյանը դատարանների վրա հսկողություն չունի, ընդունում ենք ու հասկանում: Բայց որ նա հսկողություն չունի իր կառավարության ենթակայության տակ գտնվող Կադաստրի կոմիտեի վրա, լրիվ նոր իրողություն է:
Դատարաններն անում են մտքներով անցածը, ազատ են արձակում Քոչարյանին, վերադարձնում են Սերժ Սարգսյանի անվտանգության պետ Վաչիկի փողերը, մարտի 1-ը կոծկելու հիմնավորումներ են գտնում: Այս ամենը հասկանալի է, Փաշինյանը չի խառնվում նրանց գործերին, որովհետեւ խառնվելու դեպքում կարող է համարվել, որ ճնշում է դատարաններին:
Բայց Կադաստրի կոմիտեն կառավարությանն է, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է:
Պետությունը քրեական գործեր է հարուցել Հովիկ Աբրահամյանի, գեներալ Սեդրակ Սարոյանի Մոնումենտում [Հաղթանակի զբոսայգի] կառուցած տների փաստով, որովհետեւ կոռուպցիայի հոտ է առել ու արգելանք է դրել էդ տների վրա, որպեսզի նրանց հետ կապված որեւէ գործարք չկատարվի: Բայց քո ենթակայության տակ գտնվող Կադաստրի կոմիտեն ոչ մի խնդիր չի տեսնում, որ դրանք վաճառվեն: Ընդ որում` առանց դրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու:
Հիմա օրինական հարց է ծագում՝ եթե տները թույլ ես տվել վաճառել, ինչի՞ մասին է քրեական գործը: Պատասխանը պարզ է՝ ոչ մի ներքին խնդրի երկրի ղեկավարը չի խառնվում, բացարձակապես ոչ մի: Որովհետեւ ինքը Հայաստանի հարցը նայում է ապագա աշակերտի, ուսանողի տեսանկյունից՝ ի՞նչ պիտի կարդան նրանք Հայաստանի մասին: Նրանք պետք է կարդան 44-օրյա պատերազմի մասին, որին հաջորդեց Հայաստանի խելամտացումը՝ վերջապես կարգավորվեցին Հայաստանի հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Վերջապես Հայաստանում ընտրություններ չեն կեղծում: Վերջ: Հայաստանի ներքին պատմությունն ավարտվեց:
Նիկոլ Փաշինյանը երկիրը ղեկավարում է պատմության դասագրքերի համար։ Այսինքն` նրան հիմա հետաքրքիր է, թե ինքը ինչ կուզենար, որ ապագայում կարդային իր ժամանակաշրջանի մասին։ Գիտի, չէ՞, որ դետալները չեն պահպանվում կամ պատմության մասշտաբի համար մեծ նշանակություն չունեն։ Ո՞վ է ապագայում, ասենք, 100 տարվա կտրվածքով հիշելու, թե ինչպես Հայաստանում ոտքի տակ տվեցին կոռուպցիայի դեմ պայքարը, որի անվան տակ էլ հեղափոխությունը եղավ, եւ որը Փաշինյանին իշխանություն վստահելու հիմնական պատճառն էր։
100-150 տարի հետո սա ոչ մեկի համար թեմա չի դառնալու։ Թեման լինելու է այն, թե ինչպես կարգավորվեցին հարաբերությունները հարեւանների հետ, ինչպես Հայաստանը զարգացավ կամ չզարգացավ տնտեսական առումով կամ ինչպես մի նոր պատերազմի արդյունքում դադարեց գոյություն ունենալուց կամ, ընդհակառակը, ավելի ուժեղացավ։
Այս իմաստով Հայաստանի ներքին կյանքում դեռ շատ աղետների ականատես կլինենք, որովհետեւ ինքն իր համար Հայաստանը գրեթե գոյություն չունի, այն գոյություն ունի ուրիշների ու․․․ պատմության դասագրքերի համար։ Որովհետեւ, ըստ Փաշինյանի, միայն դրանից հետո իմաստ ունի խոսել կոռուպցիայի դեմ պայքարի, ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դառնալու, 150 տոկոսանոց տնտեսական աճի, Տիեզերքի ամենաուժեղ պետությունն ունենալու մասին։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: