Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ շփման գծի ողջ երկայնքով դիրքային որեւէ փոփոխություն չի արձանագրվել Փառուխի ու Քարագլխի դեպքերից հետո: Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի այն հատվածում, որտեղ մարտի 24-25-ին ՊԲ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում կասեցվել է նրանց առաջխաղացումը:
Արցախի տեղեկատվական շտաբից պարզաբանել են նաեւ, որ Սարդարաշենի գյուղապետ Հայկ Հակոբյանի՝ լրատվամիջոցներից մեկին տված տված հարցազրույցը սխալ մեկնաբանությունների տեղիք է տվել:
«Մասնավորապես ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի այն հատվածում, որտեղ մարտի 24-25-ին ՊԲ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում կասեցվել է նրանց առաջխաղացումը, իսկ այդ հատվածը գտնվում է մի քանի գյուղերի, այդ թվում՝ Սարդարաշենի հարեւանությամբ։
Միեւնույն ժամանակ, ադրբեջանական կողմը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում տարբեր ուղղություններով իբրեւ թե նոր ներխուժումների մասին, որոնցից վերջինը վերաբերում էր Մարտակերտի որոշ գյուղերի: Այնինչ իրականությունն այն է, որ նման պնդումներն ամբողջովին կեղծ են, եւ շփման գծի ողջ երկայնքով դիրքային որեւէ փոփոխություն չի արձանագրվել Փառուխի ու Քարագլխի վերոնշյալ դեպքերից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ:
Արցախի տեղեկատվական շտաբից կոչ են արել հետեւելու միայն պաշտոնական լրահոսին եւ ադրբեջանական ապատեղեկատվությանը չտրվել: