Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից հայտնել են, որ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին եւ օգնել կապ պահպանելու իրենց ընտանիքների հետ:
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ քանի դեռ անձինք անազատության մեջ են, այս ընթացքում հեռախոսազանգերի, տեսագրված ուղերձների եւ նամակների տեսքով իրենք փորձել են պահպանել եւ շարունակել տեսակցությունների պարբերականությունը:
Գերիների պահման պայմանների, նրանց հանդեպ վերաբերմունքի, առողջական վիճակի մասին տեղեկությունները Կարմիր խաչը չի հրապարակել՝ նշելով, որ դրանք փակ երկխոսության տիրույթում են: Ըստ Ամատունու` հերթական այցերի նպատակն է հետեւել գերիների վիճակին:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մարտի 21-ի նիստում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ադրբեջանական գերության մեջ է 38 անձ, որոնցից 3-ը՝ քաղաքացիական: