«Հայաստանը կրկին դիմում է քայլերի, որոնք վկայում են Երեւանի մոտ Բաքվի հետ հարաբերությունները կարգավորելու իրական ցանկության բացակայության մասին»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի ապրիլի 11-ին տարածած հայտարարության մեջ։
Պաշտոնական Բաքուն այսպիսով արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի՝ Մարաղայի ջարդերի 30-ամյակին նվիրված հայտարարությանը։
«Մերժում ենք Հայաստանի ԱԳՆ-ի հերթական անհիմն, անօրինական եւ թշնամական հայտարարությունը եւ վճռականորեն դատապարտում հայկական կողմի ապակառուցողական դիրքորոշումը, որն արտահայտվել է մի պահի, երբ երկու երկրները որոշել են հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկել»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ավելի վաղ՝ ապրիլի 11-ին, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել: Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձեւավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման եւ հումանիտար խնդիրների վերաբերյալ։