«Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրն ընթանում է բնականոն հունով»,- օրերս հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Վերջինս մեղադրում է մամուլին, որը ստահոդ լուրեր է տարածում, թե չի իրականացվելու 2022 թվականի մարտի 3-ին ՀՀ Կառավարության հաստատած Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը:
Նախարարությունը կոչ էր արել զերծ մնալու գյուղատնտեսական տարվա անխոչընդոտ մեկնարկին վնասող եւ ապատեղեկատվություն տարածող հրապարակումներից: «Դրանք կարող են հանգեցնել գյուղացիների եւ ֆերմերների մոտ պետական աջակցության ծրագրերի նկատմամբ անվստահության առաջացմանը, ինչի հետեւանքով կարող եք վերջիններիս զրկել պետական աջակցության ծրագրերից օգտվելու եւ իրենց տնտեսությունները զարգացնելու հնարավորությունից»,- ասված էր հայտարարության մեջ:
Մեղադրողից էլ, մեղադրվողից էլ անտեղյակ հողօգտագործողները, սակայն, համառորեն ահազանգում են. «Մենք պարարտանյութի ոչ մի հատիկի երես չենք տեսել, մի 4 օրից պարարտանյութ է պետք, բայց հստակ օր նշող չկա: Ասում են՝ կլինի, դուք բերեք, գումարները տվեք: Թե կա՝ բերե՛ք, տվեք, թե չէ՝ չցանենք: Մեզ որտեղի՞ց դարսած փող, որ նման ահռելի գումարները նախօրոք, առանց երաշխիքի տանենք տանք»,- վրդովված պատմում էին «Ալիք Մեդիային» դիմած գյուղացիները:
Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչությունից հայտնում են, որ շահառուների ցանկը հստակ է, մատակարարներն՝ ընտրված: Չեն ժխտում՝ մատակարարներից մի քանիսն ուշացնում են խմբաքանակի ներկրումը:
Ռուսական պարարտանյութերով բեռնված մեքենաները Լարսի անցակետում կանգնած են, ոչ ոք չի կարող օր մատնանշել, թե երբ կլինեն Հայաստանում: Սակայն վրացականի ու պարսկականի խմբաքանակներն արդեն կան:
Ոլորտի մարզային պատասխանատու Ռոման Համայակյանը տեղեկացնում է՝ Շիրակում 5100 տոննա ազոտական, 50-ական տոննա էլ կալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութի պահանջ է ներկայացվել սուբսիդավորման, ընդհանուր առմամբ՝ 5700 շահառու:
Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի վարչական ղեկավար Արգինա Բաղդասարյանը տեղեկացնում է, որ իրենց գյուղից 98 տոննա 850 կգ պարարտանյութի պահանջ է ներկայացված: Մայիսյանցիներն այս պահին 36 տոննայի գումարը վճարել են, բայց դեռ պարարտանյութը գյուղ չի մտել:
Ազատանում վիճակը փոքր-ինչ բարվոք է: Բնակավայրի վարչական ղեկավար Գագիկ Պողասյանն ասում է՝ 740 շահառու է հաշվառվել՝ 800 տոննա ազոտական պարարտանյութի պահանջով: 150 տոննան արդեն հասել է հասցեատիրոջը: Պողոսյանը լիահույս է, որ մի քանի օրից նոր խմբաքանակ կունենան:
Գյուղատնտես Արամ Հակոբյանը 5 հեկտար հողատարածք ունի, որից միայն 3-ի համար է կարողացել դիմել սուբսիդավորմամբ պարարտանյութ ձեռք բերելու համար:
Վարձակալությամբ էլ է հող մշակում, բարիք ու աշխատատեղ ստեղծում: Արամն ասում է՝ հույսը կտրել է խոստումներից: Կառավարության տրամադրած մատակարարների ցանկը անլուրջ ու ձեւական փաստաթուղթ է համարում: «Զանգում ես, պատասխան չկա, լավագույն դեպքում էլ ասում են՝ քո հաշվին արի, այլ մարզերից տար»: Շիրակի մարզում առայժմ մեկ մատակարար գիտի, որ պահեստավորած պարատանյութ ունի, այն էլ միայն վրացական:
Արամը երկար է մտածել ու որոշել է սերմացուի մեծ մասը հանել վաճառքի. «Երկու միլիոն դրամ եմ ներդնելու մեկ հեկտարը մշակելու համար՝ գումարած հողի վարձակալությունը. դա տրամաբանությունից զուրկ է»: Տեղի ունեցող գործընթացը գյուղատնտեսը տնտեսական պատերազմ է որակում, ասում է՝ նպատակ կա, որ գյուղացիական տնտեսություններն այլեւս հող չմշակեն:
Ե՞րբ գյուղացին իր աչքով կտեսնի պարարտանյութը, կհասցնե՞ն մատակարարները խոստացված խմբաքանակը, թե՞ հերթական անգամ կմնան առանց աջակցության, կիմանանք մի քանի օրից: Առայժմ մի բան է հստակ՝ էկոնոմիկայի նախարարությունն ասում է՝ գյուղացին պարարտանյութ ունի, գյուղացին էլ թե՝ չունեմ:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։