2019-2020 թվականներին հասարակությունն իսկական շոկ ապրեց երեխաների որդեգրման գործընթացում կատարված ապօրինությունների մասին բացահայտումներից. իրավապահ կառույցներն իրար հերթ չտալով սահմռկեցուցիչ փաստեր հրապարակեցին այդ թեմայով:
Արդեն 2020-ի ապրիլին ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփիչ տվյալներ հրապարակեց. որդեգրման գործընթացում չարաշահումների, ծննդաբերությունից հետո երեխաներին ծնողներից բաժանելու դեպքերի փաստերով կա հարուցված 14 քրեական գործ: Ընդ որում՝ դրանց մի մասը վերաբերում էր օտարերկրյա պետությունների քաղաքացիների կողմից ապօրինի որդեգրումներին:
2020-ի հուլիսին ՀՀ քննչական կոմիտեն էլ հայտնեց, թե ապօրինի որդեգրումների դեպքերով նոր քրեական գործ է հարուցվել. այս անգամ խոսքն առնվազն 114 ապօրինի որդեգրման մասին էր. դեպքերը կատարվել էին 2005-2019 թվականներին։ Ըստ իրավապահների՝ այդ ամենի արդյունքում որդեգրման գործընթացը կազմակերպողների եւ նրանց մտերիմների հաշվեհամարներին փոխանցվել է 1 միլիոն 800 հազար եվրո եւ 26 հազար դոլար։
Այն ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ չէր բացառել, որ գործել է հստակ սխեմա, քանի որ որդեգրման գործընթացը միայն մեկ-երկու գերատեսչության պատասխանատվությամբ չի իրականացվում, այլ ՏԻՄ մարմինների, նախարարությունների, բժշկական կազմակերպությունների եւ այլն: Նիկոլ Փաշինյանն էլ, խոսելով կատարվածի մասին, այն որակել էր շոկային, նաեւ հանձնարարել նման դեպքերը հատ առ հատ, առանձին-առանձին քննել:
Թեման զգայական էր եւ փոթորկել էր հասարակությանը: Բայց որոշ ժամանակ անց ամեն ինչ մոռացության մատնվեց՝ մասամբ կորոնավիրուսի համավարակի, մասամբ նաեւ 44-օրյա պատերազմի պատճառով: Իրավապահներն այլեւս չշարունակեցին այս թեմայով պարբերաբար պաշտոնական տեղեկություններ տրամադրել: Եվ կարելի է ենթադրել՝ ապօրինի որդեգրումների առնչությամբ հարուցված քրեական գործերը պարզապես դոփում են տեղում՝ բացառությամբ մեկի, որն ուղարկվեց դատարան, ու մեղադրյալները սիմվոլիկ պատժի ենթարկվեցին:
Փոխարենը ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակումներում որդեգրման վերաբերյալ բավական ուշագրավ տվյալների կարելի է հանդիպել:
Մասնավորապես, Հայաստանում նախորդ տարի, 2020-ի համեմատ, ավելացել է որդեգրման ենթակա երեխաների թիվը. 2021 թվականին հաշվառվել է 43 երեխա, որից 23-ը՝ աղջիկ: 2020-ին որդեգրման ենթակա երեխաների թիվը 37 էր, իսկ 2019-ին՝ 64:
Ի դեպ, նրանց մի մասը մնացել է առանց ծնողական խնամքի, քիչ չեն նաեւ երկու ծնող ունեցող, ապա՝ միայնակ մայրերի՝ որդեգրման ենթակա երեխաների թիվը:
Չնայած որդեգրման ենթակա երեխաների թվի աճին՝ մյուս կողմից վերջին տարիներին նվազել են որդեգրման դեպքերը. 2020-ին որդեգրվել է 33 երեխա, որից 2-ը՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից: 2021 թվականին որդեգրվել է 17 երեխա, որից օտարերկրյա քաղաքացիների խնամակալությանն է վերցվել 5-ը: Իսկ 2019-ին որդեգրվել էր 19 երեխա, որից 8-ը՝ օտարերկրացիների կողմից: Համեմատության համար նշենք, որ 2008 թվականին օտարերկրացիները Հայաստանից որդեգրել են 96 երեխա:
Մինչ այդ մեկ այլ ուշագրավ փաստ եւս. Հայաստանում ավելացել է մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխաների թիվը: Ըստ պաշտոնական վիճակագրության, եթե 2020-ին ոստիկանությունում հաշվառվել է 4 մուրացիկ եւ թափառաշրջիկ երեխա, ապա 2021-ի տարեվերջին նրանց թիվը դարձել է 7, ընդ որում՝ մեկն աղջիկ է: Այդ երեխաների մեծամասնությունը մինչեւ 14 տարեկաններն են. նրանք հաշվառված են Կոտայքի, Արարատի եւ Արմավիրի մարզերում: Համեմատության համար նշենք, որ 2017-ին մուրացիկ ու թափառաշրջիկ երեխաների թիվն ընդամենը 2-ն էր:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: