Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Իսրայելը 2021-ի ընթացքում վաճառել է 11,3 միլարդ դոլարի զինամթերք, ինչը երեք միլիարդ դոլարով ավելի է 2020-ի նույն ցուցանիշից:
«Իսրայելի սպառազինությունների արտահանումը 2021-ին հասել է նոր ռեկորդի՝ կազմելով 11,3 միլիարդ դոլար: Նոր ստորագրված համաձայնագրերի քանակը 2020-ի համեմատությամբ ավելացել է ավելի քան 30%-ով»,- ասված է հայտարարության մեջ:
Նախարարությունում նշել են, որ 2021-ին Իսրայելի ռազմական արտահանման հիմնական բաժինը կազմել են հրթիռները, հրթիռային արկերը եւ ՀՕՊ-ի համակարգերը՝ 20%, վարժեցման ծառայությունները՝ 15%, անօդաչու թռչող ապարատները եւ անօդաչու համակարգերը՝ 9%, ռադարները եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները՝ 9%:
Արտահանված անօդաչու ինքնաթիռները կազմում են 9%, դիտարկումը եւ օպտիկաէլեկտրոնիկան՝ 5%, մարտական մոդուլները եւ հրթիռարձակման կայանքները՝ 7%, տրանսպորտային միջոցները եւ զրահապատ փոխադրամեքենաները՝ 7%, կապի միջոցները՝ 6%, հետախուզությունը եւ կիբերհամակարգերը՝ 4%, ռազմամթերքը՝ 4%:
Մամուլի ծառայությունում հավելել են, որ 2021-ին Իսրայելի պաշտպանական արտահանման 34%-ն ուղարկվել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան, 41%-ը՝ Եվրոպայի երկրներ, 12%-ը՝ Հյուսիսային Ամերիկա, 3%-ը՝ Աֆրիկա, եւս 3%-ը՝ Լատինական Ամերիկա: Բացի դրանից՝ իսրայելական զինամթերքի հոսքի 7%-ն անցյալ տարի բաժին է ընկել արաբական երկրներին:
«Պաշտպանական ոլորտում երկրների միջեւ արտահանական համաձայնագրերի բաժինը, որոնք ստորագրել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը, ավելացել է ավելի քան եռապատիկ՝ 2021-ին հասնելով 3,365 միլիարդ դոլարի՝ 2020-ի 911 միլիոնի համեմատությամբ»,- պարզաբանել են նախարարությունում: