Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելպասը հայտարարել է, որ բանկն Ուկրաինայի համար 1,5 մլրդ դոլարի օգնության փաթեթ է պատրաստում` բնակչության պետական ծառայությունների տրամադրմանն աջակցելու համար:
«Ուրախ եմ տեղեկացնելու, որ Համաշխարհային բանկը մտադիր է Ուկրաինային փոխանցել 1,5 միլիարդ դոլար՝ պատերազմի ընթացքում հիմնական հանրային ծառայությունների տրամադրումը շարունակելուն աջակցելու նպատակով»,- նշել է բանկի նախագահը:
Մելպասը հիշեցրել է, որ Համաշխարհային բանկը հիմնադրվել է 1944-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Եվրոպան վերականգնելուն աջակցելու նպատակով:
«Ինչպես դա արեցինք այն ժամանակ, այնպես էլ պատրաստ կլինենք օգնելու Ուկրաինային վերականգնման հարցում, երբ դրա ժամանակը գա»,- ասել է Համաշխարհային բանկի նախագահը: