ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ԼՂ-ում գտնվող ՌԴ խաղաղապահ զորախումբն անցած 24 ժամվա ընթացքում արձանագրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Փառուխի տարածքում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մեկ դեպք, ինչի հետեւանքով հայկական կողմից զինծառայող է վիրավորվել։
ՌԴ խաղաղապահները 27 դիտակետերում իրադրության շուրջօրյա մշտադիտարկում եւ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:
Անցած 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի զինուժը Փառուխ համայնքի տարածքում հրադադարի պահպանման ռեժիմի խախտում են արել, ինչի հետեւանքով հայկական կողմից զինծառայող է վիրավորվել։ Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը երկու կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ հարթել է միջադեպը։
Պարեկություն է արվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում: Խաղաղապահ զորախմբի ինժեներական եւ սակրավորական խմբերը շարունակում են ստուգել եւ մաքրել տարածքը ականներից եւ չպայթած զինամթերքից։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,5 հա տարածք։
«ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի եւ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: