Էջմիածին քաղաքին մերձ՝ ընդամենը 7 կիլոմետր հեռու, Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում գործող «Նոյի օջախ Աղավնատուն» ընտանեկան բիզնեսը ներառում է սրճարան, գաստրոբակ եւ հյուրատուն։
Ինչպե՞ս գործ սկսել ու զարգանալ սեփական գյուղում, ի՞նչ խոչընդոտներ, կարծրացած մտածելակերպ է պետք հաղթահարել՝ հաջողելու համար։
Ընտանեկան բիզնեսի սրճարանը տնօրինող Քաջիկ Սիմոնյանը տասը տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա։ 2009-ին վերադարձել է, ծառայել Հայկական բանակում ու նորից մեկնել Մոսկվա։ Աշխատել է համագյուղացիների հիմնած արագ սննդի կետերում։
2018-ին ընտանիքով եւ հստակ նպատակադրումով վերադարձել են հայրենի Աղավնատուն․«Ինչո՞ւ եկանք․․․ Ոգեւորիչ էր, հույս կար, որ լավ կլինի։ Մոսկվայում լավ էր, բայց ուզում եմ՝ մեր գյուղի համար լավ գործ անեմ, փողն առաջին տեղում չէ, կարեւորը մարդկանց համար լինի կոմֆորտ, լավ, հաճելի։ Ուզում ենք, որ մեր գյուղացիները ընտանիքներով գան, տեղում սպասարկենք, բայց մի քիչ մեր ուզածով առաջ չենք գնում։ Հաճախորդների 60 տոկոսը նախընտրում է տեղում, հաճելի միջավայրում նստել, մյուսները պատվիրում են, հատկապես սեզոնին, երբ բանվոր են ունենում, եւ առաքում ենք ուղիղ դաշտ։ Երիտասարդ աղջիկներն են նստում. իրենց համար ենք սարքել»։
31-ամյա Քաջիկը նկատում է, որ գյուղի սպասարկման ոլորտը «Մոսկվայի հետ համեմատած 180 աստիճանով տարբեր է, հարմար է, հանգիստ, մեր հողը, ջուրը, որ ծորակից ես խմում, փողով չես առնում»։
Աղավնատուն՝ հին, բարեկարգ, ժամանակակից
Գյուղի, սեփական բնակավայրի հմայքը, կարեւորությունը պիտի զգան հենց գյուղացին, բնակիչը, մեծ ու փոքր պիտի սիրեն իրենց համայնքը։ Թվում է հասարակ ու ինքնին հասկանալի, սակայն հազարավոր համայնքներում այդպես չէ, ցավոք։ Աղավնատուն գյուղն, իբրեւ հայաստանյան բնակավայր, զարմանալիորեն առանձնանում է՝ բարեկարգ է, ժամանակակից, նաեւ դիտարժան հնավայրեր ունի։ Նոր կառուցված Սուրբ Աննա եկեղեցի, բարեկարգ դպրոց եւ դպրոցի բակում կառուցված ֆուտբոլի դաշտ՝ գունագեղ նստարաններով։ Գյուղի փողոցները մեծ մասամբ ասֆալտապատ են, մաքուր, նորություն են փողոցների փոքրիկ, քաղաքային աղբամանները։
Գյուղում կան հնավայրեր՝ Կարմրավոր մատուռը, խոնարհված եկեղեցին, աշխարհիկ ամրոցը, որ բնակավայրի կենտրոնում է։
Այս առավելություններն էլ հավանաբար ներշնչել են ամուսիններին՝ Վարդան Սիմոնյանին եւ երեւանցի Անահիտ Մարտիրոսյանին, սկսել տեղում բիզնես հիմնելու դժվար գործը։
Փորձում ենք զարգանալ գյուղում
Լոգոպեդ Անահիտ Մարտիրոսյանը Երեւանում աշխատանքին զուգահեռ է զբաղվում գյուղում սեփական բիզնեսով։ Գյուղական մտածողության կարծրատիպները հաղթահարելը հավելյալ բարդություն է, սակայն Անահիտը գործը սկսելիս դա արդեն հաշվի էր առել․ «Սրճարանը պատերազմի օրերին բացեցինք, լուռումունջ, ավելի հանդիսավոր էինք պատկերացնում, սակայն․․․Գյուղը երկու զոհ ունի․․․ Օգնում էինք Էջմիածնի հոսպիտալում բուժվող վիրավոր զինվորներին։ Անցնող երկու տարում ժողովրդի պահանջը հասկանալու համար շատ բան ենք փորձարկել։ Թոնրի հաց էինք տեղում թխում, սակայն հրաժարվել ենք, քանի որ զարմանալի ձեւով բացահայտեցի, որ գյուղում քայլել չեն սիրում, գերադասում են կողքի խանութից գնել»։
«Նոյի օջախ Աղավնատուն» սրճարանի մթնոլորտն ընտանեկան է, ծխախոտն ու ոգելիցը բացառված են, բայց գյուղացիները դժվար են գալիս։
«Տարիքով կանայք, որոնք երեւանյան սրճարաններում հաճույքով ժամերով նստում են, այստեղ չեն գալիս, կաշկանդված են։ Բայց տատիկները թոռների հետ գալիս են, երկար նստում, նաեւ հեռուստացույց են նայում։ Երիտասարդ աղջիկներն են այցելում, դպրոցականներն են շատ գալիս, դասարանով. խրախուսելու համար 10-րդ այցն անվճար ենք սպասարկում։ Բայց, օրինակ, ուսուցիչները չեն գալիս։ Երբ սկսվեց պատերազմը, համառորեն առաջ էինք գնում, մարդիկ լավ բանի սիրտ չունեին, հիմա ոնց որ հետ ենք գալիս»,- ասում է Անահիտ Մարտիրոսյանը։
Երիտասարդ աշխատակցուհին՝ Մանուշակ Սարգսյանը, տասնամյա տղա ունի, եւ իր համար հարմարավետ ու հաճելի է գյուղում աշխատել, ինչպես քաղաքային միջավայրում։ Տարեկիցները զանգում են, պատվիրում սուրճ, թեյ։ Հիմնականում մրգային թեյ են նախընտրում՝ տնական, գյուղի տարածքում աճող համեմունքներով, ուրցով, նանայով։
Գաստրոբակ եւ հյուրատուն
Եթե սրճարանի այցելուները հիմնականում համագյուղացիներն են, գաստրոբակն ու հյուրատունը նախատեսված են զբոսաշրջիկների համար։
Վարդան Սիմոնյանի պատկերացմամբ, զբոսաշրջիկներին հաճելի կլինի Էջմիածին այցից հետո ընդամենը 7 կիլոմետր հեռավորության վրա հյուրընկալվել հայկական գյուղում, գաստրոբակի ծառերի տակ՝ հարմար ու ընտանեկան միջավայրում, թոնրի խորոված ու հայկական գաթա, խաղողի գինի, միրգ համտեսել, ցանկության դեպքում էլ՝ իջեւանել հյուրատանը։
Որպեսզի այս ամենը իրողություն դառնա, եւ տարեվերջին կարողանան ընդունել առաջին հյուրերին, Անահիտը մասնակցում է ԵՄ-ի աջակցությամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի դասընթացներին։ Եվրամիությունն աջակցում է նոր ստեղծվող, 3 տարի աշխատող բիզնեսին։ Դրամաշնորհից օգտվելու պայմանը սեփական գումար ներդնելն է, ինչի համար Վարդան Սիմոնյանը վաճառել է Մոսկվայում իր ձեռքով կառուցած սեփական տունը։
Երկրորդ հարկում վերակառուցվող հյուրատան հինգ սենյակի պատուհաններից երեւում է գյուղի կանաչ համայնապատկերը, նորակառույց Սուրբ Աննա եկեղեցին։
Անահիտ Մարտիրոսյանը չի ընկճվում սկսած բիզնեսի ծանրությունից, ռոմատիկ մտածումներով է սպասում առաջին այցելուներին․ «1500 քառակուսի մետր խաղողի այգի ունենք, նախատեսում ենք, որ ցանկության դեպքում գաստրոբակի ու հյուրատան այցելուներն էլ կմասնակցեն օղի թորելու, գինի ճզմելու գործին»։
Գայանե Մկրտչյան