Շիրակի մարզում ամփոփվեց «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի՝ ուսուցիչների եւ աշակերտների համար անցկացրած անվճար աշխատարանների շարքը։
Նախաձեռնությունն իրականացվել է «Մարդը կարիքի մեջ» (PIN) հասարակական կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: Ֆինանսավորվել է Եվրոպական միության եւ Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի, AFEW International-ի հետ գործընկերությամբ՝ «ԵՄ Քովիդ-19 հետեւանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արեւելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում։ Նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար ներդրվել է 17 միլիոն դրամ:
2021 թվականի սեպտեմբերից մեկնարկած ծրագիրն իրականացվել է Շիրակի, Լոռու եւ Կոտայքի մարզերում: Մասնակցել են 1500 աշակերտ եւ 150 ուսուցիչ:
«Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանն ասում է՝ համավարակն է առիթ դարձել, որ ծրագիրը կյանքի կոչվի: Սահմանափակումների եւ դժվարությունների պայմաններում անհրաժեշտ էին լրացուցիչ առցանց ու անվճար հայալեզու կրթական ռեսուրսներ: «Նախաձեռնության շնորհիվ հնարավորինս նոր գիտելիքներով զինեցինք մեր աշակերտներին եւ ուսուցիչներին` նպատակ ունենալով բարելավելու կրթության որակը»,- ասում է տիկին Կոշեցյանը եւ փաստում, որ աշխատարանների շարքն աշակերտներին եւ ուսուցիչներին հնարավորություն տվեց պետական առարկայական չափորոշիչներին համապատասխան կրթություն ստանալու: «Կարողացանք ուսուցիչների վերապատրաստման այնպիսի մոդել ստանալ, որը նրանց հնարավորություն տվեց ոչ միայն տիրապետելու համակարգչային ուսուցման նրբություններին, այլեւ երեխաներին նույնպես ներգրավելու այդ ամենի մեջ»:
Աշխատարաններում հայերենով մոտ մեկ տասնյակ առարկաներ են տեղայնացվել, բայց պահանջարկով պայմանավորված՝ բնագիտամաթեմատիկականը գերակշռել է: Մասնակցության հնարավորություն է տրվել անխտիր բոլորին, ովքեր դիմել են:
Աշակերտների ակտիվությունը խրախուսելու համար էլ մրցույթ էր հայտարարվել:
Շիրակի մարզում 1-ին, 2-րդ եւ 3-րդ պատվավոր հորիզոնականները զբաղեցնող աշակերտներն են. համապատասխանաբար Լյովա Կարապետյանը, Աշոտ Փանոսյանը եւ Անի Նահապետյանը:
Երեխաները վստահեցնում են՝ եւ՛ սովորեցին, եւ՛ գիտեցածը վերհիշեցին: Ուրախ են պարգեւատրման համար, բայց ասում են՝ ամենամեծ պարգեւը գիտելիքն է:
Մանկավարժ Ստելլա Սարգսյանին նույնպես հետաքրքրել է աշխատարանին մասնակցելու գաղափարը: Դիմել է, նոր գիտելիքներ ու համակարգչից օգտվելու հմտություններ է ձեռք բերել: «Դարի պահանջն է ունենալ նման նախաձեռնություններ: Երեխան պետք է գիտակցի, որ նորագույն տեխնոլոգիաները պետք է ծառայեցնի որակյալ կրթություն ստանալու համար»:
Միջոցառման ավարտին հավաստագրեր հանձնվեցին դասընթացները հաջողությամբ ավարտած ուսուցիչներին, ինչպես նաեւ ամենաբարձր միավորները հավաքած աշակերտներին։ Վստահեցրին՝ ծրագիրը շարունակություն է ունենալու:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։