ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցողը ողբերգություն է, սակայն «Ռուսաստանին այլ ելք չէին թողել, դա ժամանակի հարց էր»։ Վլադիմիր Պուտինն ասել է, որ «հատուկ գործողությունն ընթանում է ըստ ժամանակացույցի, այն կշարունակվի, քանի դեռ դրա նպատակները լիովին չեն իրագործվել, անհրաժեշտ է նվազագույնի հասցնել կորուստները»:
Նա հավելել է, որ ուշի ուշով հետեւում է Ուկրաինայում իրավիճակի շուրջ Ռուսաստանում եւ արտասահմանում ծավալվող քննարկումներին։
ՌԴ նախագահն անդրադարձել է նաեւ ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքին։ Պուտինի պնդմամբ՝ Կիեւը հեռացել է Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններից։
«Բանակցությունները մտել են փակուղի։ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել բանակցային գործընթացը շարունակելու համար, բայց փոխարենը բախվել է Բուչայում սադրանքին», — պարզաբանել է Պուտինը եւ հավելել, որ Բելառուսը շատ հարմար հարթակ է Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հետագա բանակցությունների համար։
Պուտինը շեշտել է, որ Ուկրաինան Արեւմուտքի համար նպատակների հասնելու միջոց է, որոնք կապ չունեն ուկրաինացի ժողովրդի շահերի հետ։
Հեռավոր Արեւելքը հեռու է, բայց մերն է. Լուկաշենկո
Անդրադառնալով Արեւմուտքի հակառուսական պատժամիջոցներին՝ Պուտինը համոզմունք է հայտնել, որ Մոսկվան եւ Մինսկը պետք է ամրապնդեն գործակցությունը տարբեր ոլորտներում։ «Ռուսաստանի առաջ բոլոր դռներն ու պատուհանները դրսից ոչ ոք փակել չի կարող»,- ընդգծել է Պուտինը։
Բելառուսի նախագահն, իր հերթին, վստահեցրել է, որ Բելառուսը ցանկացած իրավիճակում Ռուսաստանի կողքին կլինի։ Նա նաեւ հայտնել է, որ Մինսկն ու Մոսկվան աշխատում են բելառուսական նավթավերամշակման գործարաններին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։ Լուկաշենկոն ընդգծել է, որ բելառուսցիների վրա Ռուսաստանը կարող է հույս դնել, եւ ռուսաստանցիները պետք է համոզված լինեն, որ ցանկացած իրավիճակում իրենք միշտ նրանց կողքին կլինեն: Լուկաշենկոն հավելել է, թե՝ «Հեռավոր Արեւելքը հեռու է, բայց մերն է»: