Հայաստանի իշխանության ու խորհրդարանական ընդդիմության միջեւ նմանություններն իսկապես ապշեցնող են: Նրանք նման են ամեն հարցում. նման են իրենց էությամբ, վարած քաղաքականությամբ, օգտագործած բառապաշարով, անգամ անբովանդակությամբ:
Խորհրդարանական ընդդիմության՝ հանուն դրոշի այս օրերի հերոսամարտերը (երբ իշխանությունների «ինադու» անգամ ԱԺ ամբիոնի մոտ տեղադրեցին Արցախի դրոշը) եւ այս ամենին իշխանությունների հոխորտալից արձագանքն ու հնչեցրած մեղադրանքները հենց դրա մասին են վկայում:
Իզուր չէ, որ ընդդիմությունն իշխանություններին է մեղադրում ադրբեջանաթուրքական շահերը սպասարկելու համար, իշխանությունն էլ՝ ընդդիմությանը: Մեղադրում են նույն բառապաշարով, նույն շեշտադրումներով:
Այս սիմբիոզի ամբողջական պատկերը լավ երեւաց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի օրերին: Իսկ հիմա արդեն մտնելով խորհրդարան եւ այդպես իրենով լցնելով քաղաքական դաշտը՝ քաղաքական այս սիմբիոզը շարունակում է մարդկային բանականության դեմ ասպատակությունը:
Կատարվողն իհարկե աննորմալ, բայց եւ միանգամայն հասկանալի երեւույթ է: Ըստ էության՝ սա հետեւանք է այն բանի, որ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ խորհրդարանական ընդդիմությունը պարզապես խուսափում են պատասխանատվությունից եւ առկա խնդիրների լուծումից: Խուսափում են, որովհետեւ նախ չունեն բավարար ուժ՝ իրականության հետ առերեսվելու, եւ բացի այդ, հավանաբար հոգու խորքում գիտակցում են՝ այս արհավիրքների պատճառը տարիներ շարունակ իրենց վարած միասնական քաղաքականությունն է եղել, իրականության մերժումն ու ռեալ-պոլիտիկի փոխարեն արկածախնդրությամբ առաջնորդվելը՝ չմոռանալով այդ ընթացքում շարունակաբար հոգալ նաեւ սեփական բարեկեցության մասին: Ու հիմա, երբ իրավիճակը լուրջ է, իրականության հետ առերեսվելու փոխարեն սկսվել է միմյանց մեղավոր հռչակելու գործընթացը:
Իսկ նման դեպքում արդեն ոչինչ չի մնում, քան մարդկանց զգացմունքների հետ խաղալը՝ մանիպուլյացիաներով, կեղծ օրակարգեր հռչակելով ու դրանց դեմ անխոնջ պայքարելով:
Այս համատեքստում երեկ տեղի ունեցող իրադարձությունների մեջ մի հետաքրքիր դրվագ կար. երբ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին ԱԺ նիստերը բոյկոտելու եւ Արցախ ու ՀՀ սահմանամերձ մարզեր մեկնելու մասին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շտապեց հայտարարել, թե ԱԺ ընդդիմությունը զուգորդված աշխատում է Ադրբեջանի ԶՈՒ-ի հետ։
Հետաքրքիր է՝ իսկ հետեւե՞լ եք Ալեն Սիմոնյանի անվան շուրջ աղմուկին ու կարեւորագույն քաղաքական իրադարձությունների հետ դրանց կապին, թե ինչպես են այդ ամենն իրար հետ զուգորդվում:
Ալեն Սիմոնյանին ծառայողական նոր մեքենա ձեռք բերելու համար կառավարության որոշմամբ մոտ 200 հազար դոլար հատկացվեց նախորդ տարվա նոյեմբերի վերջերին. բնականաբար այդ քայլը հասարակական-քաղաքական շրջանակների կողմից միանշանակ գնահատականի չարժանացավ, եւ սկսվեց քննադատությունների շարան: Այդ օրերին, ավելի ճիշտ՝ նոյեմբերի 26-ին, Սոչիում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Արդյունքը եղավ այն, որ ընդունվեց հայտարարություն հիմնականում սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների մասին, եւ ոչ մի խոսք՝ Ադրբեջանում պահվող գերիների վերաբերյալ: Իսկ հասարակության ուշադրությունը կենտրոնացած էր ոչ թե այդ հանդիպման, այլ ԱԺ նախագահի նոր մեքենայի վրա:
Կառավարության վերջին նիստերից մեկում որոշվեց նույն Ալեն Սիմոնյանի մեքենային ուղեկցելու համար նոր չորս մեքենա գնելու նպատակով հատկացնել 54 մլն դրամ (մոտ 115 հազար դոլար): Կրկին հասարակությունը սկսեց քննարկել Սիմոնյանին հատկացված հերթական «տրանշը», դրա արդարացիությունը: Եվ սա ճիշտ եւ ճիշտ համընկավ արդեն ապրիլի 6-ին Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը, այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններին:
Նույնը նաեւ Ադրբեջանում պահվող գերիների հասցեին Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարարությունների դեպքում էր:
Նկատեցի՞ք՝ ինչ զուգորդված է այս ամենը, մի կողմից հասարակության ուշադրությունն են իրական խնդիրներից շեղում, ձեռքի հետ էլ ապահովում են իշխանական թիմի առանձին անդամների բարեկեցությունը:
Հ.Գ. Ալեն Սիմոնյանը միակը չէ, որ մասնակցում է հասարակության օրակարգի շեղմանը. խորհրդարանական նույն ընդդիմությունն էլ իր հերթին է զբաղված «նեյնիմություններով»:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: