Երեւանում ապրիլի 15-17-ը կանցկացվի CAMERATA FEST YEREVAN մեծ բարեգործական փառատոնը: Ռուսաստանի եւ Հայաստանի ավելի քան քսան անկախ երաժիշտներ երեք օր շարունակ համերգներով հանդես կգան՝ հաջակցություն ռազմական գործողություններից տուժածներին:
«Համերգներից հավաքված բոլոր միջոցները կուղղվեն կամավորական կազմակերպություններին, որոնք օգնում են ռազմական հակամարտությունների պատճառով ծանր վիճակում հայտնված խաղաղ բնակիչներին, նրանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի առնչվել են բռնությանը, ագրեսիային, զրկանքներին եւ վախ ունեն իրենց ապագայի համար»,- նշված է կազմակերպիչների հայտարարությունում:
Փառատոնի մասնակիցների թվում են Sonic Death-ը, Rozen Tal-ը, Fix-ը, Bipolars-ը, Իվան Գլոբինը, Արսենի Կրեստիտելը, Eleven Green-ը, lek-ը, Ուշկոն, Մարկ Գրիբոյեդովը, Կիրիլ Գորոդնին, Սաշա Դուբրովսկին, Joker James Sofia Rodina-ն:
Կազմակերպիչներից մեկն aliqmedia.am-ին հայտնել է, որ սա հայկական հողում ռուս երաժիշտների «մենք մերոնցով» միջոցառում չէ, այլ ինտերնացիոնալ փառատոն՝ բառի բուն իմաստով: Ռուսաստանի եւ Հայաստանի երաժիշտները հանդես են գալու 50-50 համամասնությամբ: «Կամերատա»-ի նպատակները նույնպես ինտերնացիոնալ են: «Կամերատա» միավորումը ստեղծել են 4 հայտնի ռուս փրոմոութերներ ու երաժիշտներ՝ հայ-ռուսական կապերի ամրապնդման, նոր մշակութային միջավայրի ստեղծման եւ կարիքավորներին օգնելու նպատակով: Փառատոնի շահույթը բաշխվելու է հետեւյալ կերպ. 25%-ը՝ Արցախին, 25%-ը՝ Ուկրաինայի կամավորականներին, որոնք փրկում են լքված տնային կենդանիներին, եւ 50%-ն էլ՝ ռազմական գործողությունների վայրերում խաղաղ բնակիչներին օգնող կամավորականներին:
Ժանրային առումով կներկայացվեն գարաժային ռոքից, գրանժից, հայկական ֆոլկ-ռոքից ու տեխնոյից մինչեւ էլեկտրոնիկա եւ ակուստիկ երգեր: Այդ ամենը մի բառով կարելի է անվանել ինդի: Սա ինդի երաժշտության փառատոն է:
«Մի երկու խոսք էլ հայ մասնակիցների մասին: Կարծում եմ՝ հայ հանդիսատեսին պետք չէ բացատրել՝ ովքեր են Rozen Tal-ը եւ Bambir-ը (փառատոնին կմասնակցի նրանց սայդ-նախագիծ Fix-ը): Իմ պատկերացմամբ Bambir-ը հայկական շատ թե քիչ գլխավոր խումբն է, նրանք նվագում են 1978-ից, իսկական աստղեր են: Ուզում եմ նշել նաեւ Bipolars-ին՝ երիտասարդ գրանժ խմբին: Եվ իհարկե, Eleven Green-ին. շատ հանրահայտ երաժիշտներ են: Մոսկովյան ընկերները մեզ կապեցին տեղացի փրոմոութերի հետ, որն այստեղ հրավիրեց Napalm Death-ին, Sepultura-ին եւ ծանր երաժշտության այլ կատարողների: Նա իսկական կապող օղակ էր, մեզ ծանոթացրեց մյուսների հետ: Շատ ընկերական, դրականորեն լիցքավորված մարդիկ են: Շատ շնորհակալ ենք տեղական համայնքին փառատոնի կազմակերպանն աջակցելու համար: Հարգանքներիս հավաստիքը»,- ընդգծել է «Ալիք Մեդիայի» զրուցակիցը: