Նոր Նորք վարչական շրջանի Ջրվեժի Մայակ թաղամասի բնակիչներն այսօր ահազանգել են հնարավոր բոլոր ատյաններին՝ տեղեկացնելով թանձր, տհաճ հոտով ծխի առկայության մասին։ Մայակ թաղամասի 27-րդ շենքի բնակիչ Մերի Խաչատրյանը նշել է, որ նախ ահազանգել է արտակարգ իրավիճակների նախարարություն, որտեղից տեղեկացրել են, որ հնարավոր է՝ այրում են տարածքի աղբավայրերը, եւ ծուխն այդտեղից է:
«Դեպի Ձորաղբյուր ճանապարհի հարեւանությամբ աղբակույտեր կան, բայց օրինական աղբավայր չկա։ Թե երբ է մեզ մոտ աղբավայր հայտնվել առանց բնակիչների իմացության, չգիտեմ։ Մենք ապրում ենք քաղաքի փոշուց ու աղմուկից հեռու, անտառի հարեւանությամբ, բայց խեղդվում ենք։ Եթե արդեն աղբավայրերի հարեւանությամբ ենք ապրելու, գոնե պետք է տեղեկացվեինք»,- ասում է Մերի Խաչատրյանը։
Մերին նշում է, որ առավոտ կանուխ ծուխը նկատել է, երբ ցանկացել է օդափոխել սենյակը։ Ծուխը պատած է եղել հարեւան շենքերն ու դեպի Ձորաղբյուր ամբողջ հորիզոնը։ Ահազանգել է բնապահպանական հասարակական տեղեկատվության Օրհուս կենտրոն։ Համակարգող Սիլվա Այվազյանը խորհուրդ է տվել գոնե պաշտպանիչ միջոցներ ձեռնարկել, օրինակ՝ թանզիֆից (մառլյա) խոնավ դիմակ դնել ու շատ ջուր խմել, մինչեւ պարզվի, թե ինչ ծուխ է։
Այվազյանն իր հերթին տեղեկացրել է շրջակա միջավայրի նախարարությանն ու պատասխանատու տարբեր մարմինների։ Ո՛չ առողջապահության նախարարության թեժ գիծը, ո՛չ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հստակ բան չեն ասել, բնակիչներին որեւէ խորհուրդ չեն տվել։
Մերի Խաչատրյանը հաղորդագրություն է թողել նաեւ Հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության հեռախոսահամարին, երբ հեռախոսազանգին չեն պատասխանել, սակայն ոչ մի արձագանք դեռ չի ստացել։ Շտապել է մոտակա՝ Երեւանի հ․ 187 դպրոց, որը եւս ծխով պատված է եղել։ Այստեղ արդեն իսկ ամուր փակել էին դռներն ու պատուհանները՝ ներսի օդն աղտոտումից զերծ պահելու նպատակով։ Փոխտնօրենը բուժքրոջը կարգադրել է սաներին խոնավ դիմակներ տրամադրել։
11։30-ի դրությամբ ծուխը նոսրացել է, կեսօրին՝ ցրվել։
Թաղամասի բնակիչ, 70-ամյա Եվգենյա Շահգալդյանն ասաց, որ նման իրավիճակի պարբերաբար առնչվում են, հիմնականում երեկոյան ժամերին, բայց վերջին օրերին՝ նաեւ առավոտյան վաղ։ Տարածքում նաեւ ալյումին են հալեցնում, որը եւս, ըստ բնակչի, կարող է նման ծխի առաջացման պատճառ լինել։ Բնակիչները մտադիր են գրավոր դիմելու Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու ակնկալիքով։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։