Պաշտոնական Անկարան որոշում է ընդունել, որ Թուրքիայի քաղաքացիություն ստանալ ցանկացող օտարերկրացիները այսուհետ պետք է ձեռք բերեն ոչ թե 250 հազար, այլ 400 հազար ԱՄՆ դոլարի անշարժ գույք:
Որոշումը, որն առաջիկայում կհրապարակվի կառավարական պաշտոնաթերթում, ընդունվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ անցկացված կառավարության նիստի ընթացքում:
Նոր որոշմամբ՝ Թուրքիայի քաղաքացիություն ստանալու դիմաց անշարժ գույք ձեռք բերած օտարերկրացիները պարտավորվելու են առնվազն 3 տարվա ընթացքում անշարժ գույքը չվաճառել կամ չփոխանցել ուրիշին:
2012-ից Թուրքիայում օտարերկրացիները իրավունք ունեին քաղաքացիություն ստանալ միայն այն դեպքում, երբ այդ երկրում 1 միլիոն դոլարի անշարժ գույք ձեռք բերեին: 2018-ին Թուրքիայի իշխանություններն այդ գումարը նվազեցրել էին՝ հասցնելով 250 հազար դոլարի: