Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ԱՄՆ ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Ռուսաստանի վտարումը ԵԱՀԿ-ից քիչ հավանական է:
«Չկա հստակ մեխանիզմ, որը մեզ հնարավորություն կտար վտարելու Ռուսաստանին»,- ասել է Քարփենթերը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը հավելել է, որ ներկայում ռուսական կողմի գործողություններն Ուկրաինայում կազմակերպության անդամ 57 երկրներից 55-ը դատապարտում է, Ռուսաստանին բացահայտ աջակցում է միայն Բելառուսը:
Տեղեկանք
ԵԱՀԿ–ն հիմնվել է 1975-ին, տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպությունն է, որը Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից ներառում է 57 պետություններ։ 550 աշխատակից ունեցող կազմակերպության գլխամասը Վիեննայում է։ Կազմակերպությունը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։
ԵԱՀԿ-ի՝ հակամարտությունները կանխելու եւ կարգավորելու հիմնական միջոցներն են զինամթերքների տարածման վերահսկումը, դիվանագիտական ջանքերը՝ հակամարտությունները կարգավորելու համար, փոխվստահության եւ անվտանգության պայմանների ստեղծումը, Մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական ինստիտուտների ստեղծումը, ընտրությունների մշտադիտարկումը, տնտեսական եւ էկոլոգիական անվտանգությունը:
ԵԱՀԿ բոլոր անդամ-երկրներն ունեն հավասար կարգավիճակ։