Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, ամփոփելով փետրվարի 24-ից Ուկրաինայում «հատուկ գործողության» արդյունքները, հայտնել է, որ ապրիլի 13-ի դրությամբ ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացրել են ուկրաինական բանակի 2082 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա, դաշտային հրետանու եւ ականանետերի 937 հրանոթ, համազարկային կրակի 243 ռեակտիվ կայանքի համակարգ, 2173 տանկ, 244 միավոր զենիթահրթիռային համակարգ, 103 ռազմական ուղղաթիռ, 447 անօդաչու թռչող սարք, 130 ռազմական ինքնաթիռ:
Ռուս գեներալը հավելել է, որ ապրիլի 13-ին ավելի քան 1000 ուկրաինացի զինծառայող կամավոր հանձնվել է Մարիուպոլում, այդ թվում՝ 162 սպա եւ 47 կին զինվորական։ Գեներալը հայտնել է, որ 151 վիրավոր ուկրաինացի զինծառայողներ առաջնային բուժօգնություն են ստացել տեղում, ինչից հետո բոլորը տեղափոխվել են Մարիուպոլի քաղաքային հիվանդանոց՝ բուժման։
Պաշտոնական Կիեւն այս կապակցությամբ առայժմ որեւէ բան չի հաղորդել:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր հերթին ամփոփել է հակառակորդի կորուստները։ Ուկրաինայի զինուժը պատերազմի ամբողջ ընթացքում Ուկրաինայի տարածքում ոչնչացրել է ՌԴ ԶՈՒ մարտական մեքենաների 1429 միավոր, հատուկ ռազմական տեխնիկայի 25 միավոր, 358 միավոր հրետանային համակարգ, 1964 միավոր զրահամեքենա, 64 միավոր ՀՕՊ համակարգ, 739 տանկ, 132 անօդաչու թռչող սարք, 143 ռազմական ուղղաթիռ, 158 ռազմական ինքնաթիռ եւ շուրջ 19 հազար 800 ռուս զինվորական։