Ֆրանսիայի նախագահի թեկնածու «Ազգային միավորում» աջ ծայրահեղական կուսակցությունից Մարին Լը Պենը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում երկիրը դուրս կբերի ՆԱՏՕ-ի հրամանատարական կառույցներից եւ մտադիր չէ ֆրանսիական զորքերը փոխանցելու ԵՄ-ի ընդհանուր հրամանատարությանը: Նա պարզաբանել է, որ խոսքը ոչ թե ՆԱՏՕ-ից, այլ նրա գլխավոր հրամանատարական կառույցներից դուրս գալու մասին է:
Լը Պենը հիշեցրել է, որ Ֆրանսիան ՆԱՏՕ-ի ինտեգրված հրամանատարական կառույցները լքել է 1966-ին, երբ իշխանության ղեկին էր Շառլ դը Գոլը։ Երկիրն այս կառույցներին վերադարձավ 2009-ին՝ Նիկոլա Սարկոզիի օրոք։
Ֆրանսիայի նախագահի թեկնածուն նաեւ զգուշացրել է, որ Եվրամիությունում ընդհանուր ռազմական հրամանատարություն ստեղծվելու դեպքում ինքը դեմ կլինի այդ կառույցում ֆրանսիական զորքերի տեղափոխմանը։
Անդրադառնալով ԵՄ-ի խնդիրներին առնչվող թեմային՝ Լը Պենն ընդգծել է, որ անհրաժեշտ է համարում ԵՄ-ն բարեփոխել ներսից, եւ խոստացել է, որ իշխանության գալու դեպքում չի ձգտի Ֆրանսիան դուրս բերելու այդ ասոցիացիայից։
Լը Պենը քննադատել է Գերմանիայի հետ Ֆրանսիայի համագործակցությունը, քանի որ կարծում է, որ Փարիզն ու Բեռլինը շատ ոլորտներում արմատապես տարբեր հետաքրքրություններ եւ հակադիր շահեր ունեն։ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն նաեւ դեմ է արտահայտվել Գերմանիայի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ դառնալուն:
Մարին Լը Պենը խոսել է նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին: Նա առաջարկել է վերստին քննարկել Հնդկաստանին, աֆրիկյան երկրներից մեկին, ավելի ուշ՝ նաեւ Լատինական Ամերիկայի երկրներից մեկին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական տեղ հատկացնելու գաղափարը: