Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանությունը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ կիրառելու նպատակով Ռուսաստանին իրանական զենք մատակարարելու մասին բրիտանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը չի համապատասխսնում իրականությանը:
«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների եւ Մերձավոր Արեւելքում կատարվող դեպքերի միջեւ կապ ցույց տալու փորձը, ինչպես նաեւ այս համատեքստում Իրանի մասին հիշատակումը ոչ պրոֆեսիոնալ եւ անընդունելի քայլ են»,- ասված է Իրանի դեսպանության թվիթերյան գրառման մեջ:
Դիվանագիտական ներկայացուցչությունից լրատվամիջոցներում սպրդած տեղեկությունները որակել են անհիմն եւ ոչ հավաստի:
Ավելի վաղ մի շարք բրիտանական լրատվամիջոցներ հրապարակել էին տեղեկություն, ըստ որի՝ Իրաքն ու Իրանը զենք, մասնավորապես զենիթահրթիռային համակարգեր են մատակարարել Ռուսաստանին՝ դրանք Ուկրաինայում կիրառելու նպատակով: Լուրերը հերքել է նաեւ պաշտոնական Բաղդադը: