Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել եւս 13 ռուսական ընկերությունների դեմ։ Դրանց թվում են «Գազպրոմը» եւ «Տրանսնեֆտը»:
Ավստրալիան Ռուսաստանի նկատմամբ առաջին պատժամիջոցները սահմանել է դեռեւս 2014-ին։ Այժմ պատժամիջոցներ են կիրառվում ռուսական 38 ընկերությունների նկատմամբ։
Ուկրաինա ներխուժման պատճառով Միացյալ Նահանգների, Կանադայի եւ Մեծ Բրիտանիայի շարքում Ավստրալիան եւս արգելք է դրել ռուսական էներգակիրների ներմուծման վրա։ Եվրոպական երկրները քննարկում են ռուսական էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու հնարավորությունը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ի պատասխան այսօր հայտարարել է, թե Ռուսաստանն իր հարուստ էներգակիրները Արեւմուտքի փոխարեն կարող է հեշտությամբ ուղղել էներգառեսուրսների կարիք ունեցող այլ երկրներ։ Նա ասել է, թե կարող են ավելացնել նաեւ նավթի, գազի եւ քարածխի ներքին սպառման ու վերամշակման ծավալները։
Պուտինը ռուսական Արկտիկայի զարգացման հարցերով այսօր անցկացրած խորհրդակցությունում ընդգծել է, թե էներգետիկ ճգնաժամի համար Արեւմուտքն է մեղավոր, քանի որ չի ցանկանում համագործակցել Ռուսաստանի հետ։
ՌԴ նախագահը նշել է, որ արտասահմանյան որոշ ընկերություններ հրաժարվում են կատարելուց կամ թերի են կատարում իրենց պայմանագրային պարտավորությունները, ինչը Արկտիկայում որոշակի դժվարություններ է ստեղծում Ռուսաստանի համար։